Պոմպեոն ու Չավուշօղլուն Վաշինգտոնում քննարկել են Խաշոգջիի սպանությունը, սիրիական Մանբիջի ու գյուլենականների հարցը
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն Վաշինգտոնում ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին:
Ինչպես գրում է թուրքական artigercek.com կայքը, պաշտոնյաները քննարկել են մի շարք հարցեր՝ սիրիական հակամարտությունից մինչև Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունն ու Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող գյուլենական համայնքի անդամների արտահանձնման հարցը:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Չավուշօղլուն նշել է, որ ինքը Պոմպեոյին է հանձնել 84 գյուլենականի անուն պարունակող ցուցակը, Թուրքիան ակնկալում է այս անձանց արտահանձնումն իրենց:
Թուրքիայի ԱԳ նախարարը նաև անդրադարձել է ընդդիմադիր սաուդցի լրագրող Խաշոգջիի սպանությանը՝ նշելով, որ Թուրքիան չի փոխել այս հարցում իր դիրքորոշումն ու հաստատակամ է սպանության պատվիրատուի անունը բացահայտելու հարցում:
Ինչ վերաբերում է Սիրիայում ու հատկապես Մանբիջի շրջանում տիրող իրավիճակին՝ թուրք նախարարը հայտնել է, որ մոտ օրերս Մանբիջի հարցով զբաղվող թուրքական ու ամերիկյան աշխատանքային խմբերը պետք է կրկին հանդիպեն՝ համատեղ գործողությունների մշակման համար:
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Անկարան և Վաշինգտոնը հավանության են արժանացրել սիրիական Մանբիջում իրավիճակի կայունացմանն ուղղված «ճանապարհային քարտեզը», իսկ նոյեմբերի 1-ին հայտարարվել է, որ թուրք և ամերիկացի զինծառայողները համատեղ հերթապահություն են սկսել սիրիական Մանբիջում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ եթե ամերիկյան կողմը չապահովի քրդական զինված ջոկատների դուրսբերումը Մանբիջից՝ թուրքական ԶՈւ-ն կանցնի մեծամասշտաբ ռազմական գործողությունների: