Ցանկանում ենք ունենալ դատարաններ, որոնց մասին երազում ենք, դատարաններին չվստահելու դեպքում բիզնեսը չի կարող զարգանալ. ՀՀ նախագահ (տեսանյութ)
Այս տարվա ապրիլյան իրադարձությունները Հայաստանի վարկանիշը հասցրին ամենաբարձր մակարդակի։ Այսօր նախագահականում գործարարների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ նկատելով, որ ամբողջ աշխարհն այս պահին անկայուն վիճակում է, իսկ ՀՀ-ին հաջողվեց պահել արտաքին ու ներքին կայունությունը։
Սակայն նախագահը գործարար միջավայրի բարելավմանն ուղղված դրական քայլ է համարում ՀՀ-ում կոռուպցիայի դեմ սկսած պայքարը։ «Փաստ է, որ ՀՀ-ում այսօր հայտարարված է և իրականացվում է կոռուպցիայի դեմ պայքար, ինչն աննկատ չի անցնում աշխարհում՝ և՛ Միացյալ նահանգներում, և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում։ Սա շատ դրական երևույթ է, խոսքն ընդհանրապես կոռուպցիայի, մասնավորապես՝ դատաիրավական համակարգում արվող քայլերի մասին է։
Մենք ցանկանում ենք ունենալ դատարաններ, որոնց մասին երազում ենք, որովհետև չի կարող բիզնեսը զարգանալ, եթե մարդիկ չեն վստահում դատարանին»,- ասաց նա։ Արմեն Սարգսյանը նկատեց, որ աշխարհում ներդրումային խոշոր ծավալ ունեցող երկրներն ունեն լավագույն դատաիրավական համակարգը։
Նա պատահական չհամարեց, որ որպես օրինակ միշտ խոսվում է անգլիական, շվեյցարական, շվեդական օրենքների մասին։ Միևնույն ժամանակ նա նշեց, որ ՀՀ-ի համար լավ կլիներ արբիտրաժի դատարան ունենալը։ «Իհարկե, շատ կցանկանայի, որ ՀՀ-ում զարգանար արբիտրաժի դատարանը, այսինքն՝ երկխոսության, բանակցելու մեկ ուրիշ էլեմենտ էլ ունենայինք։ Օրենքներ կան ու լավն են, բայց, ցավոք սրտի, դրա մշակույթը չունենք»,- ընդգծեց Արմեն Սարգսյանը։
Նախագահն առանձնացրեց նաև ՀՀ բանկային ու ֆինանսատնտեսական համակարգերը։ Սարգսյանը հիշեցրեց, որ ՀՀ-ում հեղափոխություն տեղի ունեցավ, բայց դրամն ու բանկային համակարգն անփոփոխ մնացին․ «Սա հսկայական կայուն գիտակցություն է մարդկանց մեջ, որ Հայաստանը տնտեսական կայուն համակարգ ունի, հետևաբար ՀՀ-ին կարելի է վստահել»,- շարունակեց նախագահը։
Արմեն Սարգսյանի խոսքով՝ բիզնեսի համար կարևոր է նաև հայ մարդու կերպարը։ Այս համատեքստում նա շնորհակալություն հայտնեց նաև Սփյուռքին, քանի որ, ըստ նրա, տասնյակ տարիների ընթացքում ստեղծվել է հայ մարդու ազնիվ ու աշխատասեր կերպար, ինչը նա մեծ արժեք է համարում երկրի ու բիզնեսի համար։ Նախագահ Սարգսյանն անդրադարձավ նաև բարեգործությանը՝ հիշեցնելով, որ այսօր Հայաստանի համահայկական հիմնադրամը Հեռուստամարաթոն է անցկացնելու:
Նախագահականում գործարարների հետ հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։