Որոնք են աշխարհի ամենավտանգավոր երկրները՝ ըստ գերմանացի հետազոտողների
Գերմանացի մասնագետները կազմել են աշխարհի ամենավտանգավոր երկրների վարկանիշային աղյուսակը՝ ներառելով մոլորակի այն վայրերը, որտեղ բնական աղետների հետևանքով մահվան ռիսկն ավելի մեծ է, հաղորդում է Der Spiegel ամսագիրը:
Ռուրի համալսարանի պրոֆեսոր Քեթրին Ռադտկեի ղեկավարությամբ հետազոտողներն ուսումնասիրել են 171 երկրի բնական աղետների վիճակագրությունը, ինչպես նաև նման աղետներին տեղական իշխանությունների պատրաստվածության մակարդակը:
Պարզվել է, որ Երկիր մոլորակի ամենավտանգավոր վայրերը, որտեղ բնական աղետի դեպքում մահվան ռիսկը շատ բարձր է, խաղաղօվկիանոսյան Վանուատու և Տոնգա կղզիներն են: Այդ տարածաշրջանում մեծ է երկրաշարժի, ցունամիի և փոթորկի վտանգը: Նման իրավիճակ է Ֆիլիպիններում, որտեղ բարձր է նաև սողանքների և հրաբխային ժայթքումների վտանգը:
Ամենավտանգավոր երկրների ցանկում են ներառվել Կենտրոնական Ամերիկայի, Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի մի շարք երկրներ:
Բնական աղետների առումով ամենաանվտանգ երկրներն են՝ Կատարը, Մալթան և Սաուդյան Արաբիան: Ըստ զեկույցի՝ անվտանգության գործոնը որոշելիս հաշվի են առնվել ենթակառուցվածքների առկայությունը՝ ճանապարհներ, օդանավակայաններ, որոնց միջոցով հնարավոր է կազմակերպել մարդկանց արագ տարհանումը: