Հրազդանի քաղաքացիները քվեարկելու են ոչ թե Սևակ Միքայելյանի, այլ Սասուն Միքայելյանի որդու օգտին. Հրազդանի համայնքապետի թեկնածու (տեսանյութ)
Հուսով ենք, որ հեղափոխությունը մուտք կգործի մեր քաղաք։ Լրագրողների հետ զրույցում 26/01 ընտրական տեղամասում ընտրություն կատարելուց առաջ այսպես ասաց Հրազդանի քաղաքապետի թեկնածու Լևոն Ստեփանյանը։
«Քվեարկելու եմ հանուն արդարության, հանուն նոր Հայաստանի, հանուն մեր քաղաքի ապագայի և մեր քաղաքացիների շահերի»,- ասաց նա։
Լևոն Ստեփանյանը ընտրության էր եկել տատիկի հետ։
Tert.m-ի հարցին, թե ինչպես է վերաբերվում նրան, որ իշխանությունները չեն սատարում ո´չ իրեն, ո´չ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդի Սևակ Միքայելյանին, նա պատասխանեց. «Դրանից հետևություն կարող է անել ժողովուրդը»։
Նրա խոսքով՝ լծակների օգտագործում մյուս թեկնածուի կողմից եղել է, սակայն որքանով կարողացել են, իրենք արդարություն ապահովել են։ «Հուսանք՝ հրազդանցիները գիտակցաբար որոշում կկայացնեն»։
Անդրադառնալով համացանցում տարածված ձայնագրությանը, որը փաստում է դպրոցի տնօրենի կողմից Սևակ Միքայելյանին աջակցելուն ուղղորդելու մասին, Լևոն Ստեփանյանը նշեց՝ ինքը չի հավատում տնօրենի հավաստիացումներին, ըստ որոնց, հումոր է արել։
Նա նշեց, որ անհավասար պայմաններ ընտրություններում ստեղծվել են, սակայն, մեծ հաշվով, դրանք շատ չեն եղել։ Դիտարկմանը, թե կարծում է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է անհավասար պայմաններ ստեղծել ընտրություններում՝ թեկնածուն պատասխանեց՝ ոչ։ «ՔՊ-ն ընդհանրապես կապ չի ունեցել Հրազդան քաղաքի ընտրությունների հետ»,- ասաց նա։
Թեկնածուն նշեց, որ վերջին մի քանի ամսում նկատելի է, որ Հրազդան քաղաքում կադրային փոփոխություններն իրականացվել են ոչ թե ՔՊ-ի կողմից, այլ մեկ մարդու որոշմամբ։ Նա հաստատեց, որ այդ մարդը Սասուն Միքայելյանն է։
«Իմ ունեցած տեղեկություններով՝ կադրային քաղաքականությունն իրականացրել է Սասուն Միքայելյանը։ Ես հստակ քայլեր չունեմ, բայց կարող եք նայել, համեմատել։
Tert.am-ի հարցին, թե իր կարծիքով, ի՞նչ դեր է խաղալու ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի անձն ընտրություններում, Լևոն Ստեփանյանը պատասխանեց. «Սասուն Միքայելյանը հայտնի է Հրազդանում, այստեղի որոշ շրջանակներում ունի սիրվածի և հարգվածի վարկանիշ։ Տվյալ շրջանակի մարդիկ քվեարկելու են ոչ թե Սևակ Միքայելյանին, այլ Սասուն Միքայելյանի որդուն»,- ասաց նա։
Լևոն Ստեփանյանը խոստովանեց, որ եթե Սևակ Միքայելյանը հաղթի՝ կշնորհավորի նրան, սակայն նրա հետ աշխատել նա չի ցանկանա։
«Բացառում եմ բոլոր հնարավոր պաշտոնները, ես գործարար եմ, եթե չընտրվեմ՝ կզբաղվեմ իմ գործարարությամբ»,-ասաց նա։
Նշենք, որ Հրազդանում համայնքապետի արտահերթ ընտրություններում առաջադրված հինգ թեկնածուից այս պահին մրցապայքարում մնացել են երկուսը։ Թեկնածուներից մեկի գրանցումը մերժել են, մեկը հետ է վերցրել փաստաթղթերը, մյուսն էլ գրանցումից հետո ինքնաբացարկ է հայտնել։ Այստեղ պայքարում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդի Սևակ Միքայելյանը և անկուսակցական Լևոն Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ Սևակ Միքայելյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի աջակցում։ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել էր, որ իրենք սիրում ու հարգում են թե´ Սասուն Միքայելյանին, թե´ նրա որդուն, սակայն իրենց համար լավ ավանդույթ չէ, երբ քաղաքական պրոցեսներում «ընտանեկան ավանդույթներ են լինում, հատկապես այս փուլում»։
Նշենք նաև, որ Լևոն Ստեփանյանն ավարտել է Հայաստանի տնտեսագիտական համալսարանի Միջազգային տնտեսական հարաբերություններ բաժինը, Հրազդանում MYcorner հակասրճարանի հիմնադիրն է: