Մյուս 2800 տարիները թող է՛լ ավելի պայծառ լինեն մեր Երևանի համար. Հայկ Մարությանը մասնակցում է հեծանվավազքին (տեսանյութ, լուսանկարներ)
Երևանի Շահումյանի հրապարակից մեկնարկել է հեծանվավազքը, որին մասնակցում է նաև Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը:
Լրագրողների հետ զրույցում քաղաքապետն ասաց, որ ինքն ու իր ընտանիքը հեծանվավազքով վաղուց են զբաղվում, իրենց սիրելի սպորտաձևն է, և հորդորեց երևանցիներին ու հայաստանցիներին ավելի ակտիվ զբաղվել սպորտով:
«Հեծանվավազքը ոչ միայն սպորտաձև է, այլ նաև փոխադրվելու միջոց, դրանով հնարավոր է նաև մաքուր պահել Երևանի օդը, առողջ լինել: Մենք ամեն ինչ անելու ենք, որ հեծանվային սպորտը զարգացնենք, հեծանիվը պետք է լինի նաև փոխադրամիջոց»:
Հարցին, թե ինչ է մաղթում երևանցիներին, Հայկ Մարությանն ասաց, որ ունենալով այսպիսի մեծ պատմություն՝ արդեն կերտելու են նոր պատմություն.
«Շնորհավորում եմ բոլոր երևանցիներին. Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, և ես շնորհավորում եմ համայն հայությանը: Ցանկանում եմ, որ մյուս 2800 տարիներն է՛լ ավելի պայծառ լինեն մեր Երևանի համար»:
Հարցին, թե որն է լինելու Երևանի այցեքարտը, Հայկ Մարությանն ասաց, որ ոչ որպես քաղաքապետ, ոչ որպես պաշտոնական կարծիք ինքը մտածում է, որ Երևանը պետք է լինի ջրի քաղաք. «Սա նաև սիմվոլիկ է, որովհետև Բաքուն էլ կրակի քաղաքն է, շարունակությունը չասեմ»:
Ինչ վերաբերում է շենք-շինությունների պահպանմանը, Հայկ Մարությանն ասաց, որ ամեն ինչ պահպանվելու է, որովհետև իրենք իրավունք չունեն քանդել հինը: