Քվեաթերթիկի ձևական օրինակ չի եղել, Դիանա Գասպարյանի կողմից թյուրըմբռնում կա․ Էջմիածնի քաղաքապետի թեկնածուն՝ Դ. Գասպարյանի հրապարակման մասին
Քվեաթերթիկի ձևական օրինակ չի եղել, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանի կողմից թյուրըմբռնում կա։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետի անկուսակցական թեկնածու, փաստաբան Կարեն Ստեփանյանը՝ անդրադառնալով Դիանա Գասպարյանի՝ օրեր առաջ արած ֆեյսբուքյան հրապարակմանը, որում նա մեղադրում էր Կարեն Ստեփանյանին «ստոր և դատապարտելի մեթոդի» դիմելու համար:
«Ընդամենը եղել է որոշակի անվանացանկ, քվեաթերթիկի ձևական օրինակ չի եղել, թյուրըմբռնման արդյունք է եղել վերջինիս կողմից։ Դա նորմալ էր, օրենքով չարգելված։ Դա որոշակի շեղում էր, որպեսզի քարոզարշավային ստանդարտ վիճակից դուրս գանք։ Մնացած թեկնածուներն այնքան ճիշտ ընդունեցին դա, որ նույնիսկ հումոր էին անում դրա վերաբերյալ»,- նշեց Կ․ Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը ֆեսյբուքյան իր էջում գրել էր, որ Կարեն Ստեփանյանը դիմել է «ստոր և դատապարտելի մեթոդի՝ փորձելով ապակողմնորոշել ընտրողներին և այդպիսով ազդել առաջիկա ընտրությունների արդյունքների վրա»։ Ըստ նրա՝ թեկնածու Կարեն Ստեփանյանի նախընտրական շտաբի կողմից քարոզարշավի ընթացքում տարածվել են քվեաթերթիկի ձևական օրինակներ, որտեղ շատ թեկնածուների համարները սխալ են նշված:
Կարեն Ստեփանյանը վստահ է, որ այս հայտարարությունը չի վնասել իրեն․ «Ովքեր դա ստացել են, նախ նրանց ուշադրությունը չի սևեռվել այդ խառը թվերի վրա։ Նրանց մատնանշվել է այն հատվածը, որն անհրաժեշտ էր ինձ»։
Կարեն Ստեփանյանի խոսքով՝ այս անգամ քարոզարշավը եղել է իրական, թեկնածուները հնարավորություն ստացել են ներկայացնելու իրենց ծրագրերը։
«Քարոզարշավը բավականին հետաքրքիր էր, անակնկալներով լի էր։ Նմանը չունեցող քարոզարշավ էր, եթե համեմատություն անցկացնենք նախորդ քարոզարշավների հետ»,- ասաց նա։
Էջմիածնի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է 12 թեկնածու, և ընտրապայքարը բավականին թեժ է, բայց Կարեն Ստեփանյանն իր շանսերը բարձր է գնահատում։
«Ես պայքար չեմ մղում երկրորդ տեղի համար, իմ պայքարն առաջին տեղի համար է, մնացածն ինձ համար էական չէ առհասարակ»,- նշեց քաղաքապետի թեկնածուն։