ԱՆԿԱ-ն ողջունել է պետքարտուղար Պոմպեոյի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-ամյակի առթիվ և կոչ արել ընդլայնել երկկողմ համագործակցությունը
Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը ողջունել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:
«Ողջունում ենք պետքարտուղար Պոմպեոյի ջերմ շնորհավորանքները Հայաստանի անկախության 27-ամյա հոբելյանի առթիվ, միանում ենք նրան՝ տոնելով նաև Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակը և գնահատում նրա արձագանքը Հայաստանում տեղի ունեցած նշանակալի քաղաքական իշխանության անցմանը»,- ասվում է ԱՆԿԱ-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի ելույթում:
Վերջինս շեշտել է, որ ԱՆԿԱ-ն կոչ է անում պետքարտուղար Պոմպեոյի «ընդլայնել ու խորացնել երկկողմ քաղաքական, տնտեսական ու ռազմական համագործակցությունն՝ ամրապնդելով ազատության և հավատի վերաբերյալ մշակութային և քաղաքակրթական արժեքները, որոնք երկար տարիներ միավորել են երկու ժողովուրդներին՝ հետ գնալով մինչև Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանը»:
Մայք Պոմպեոն իր շնորհավորական ուղերձում ասել է. «Միացյալ Նահնագների կառավարության անունից սիրով շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին 27-ամյա անկախության առթիվ: Այս տարին հատկապես կարևոր է, քանի որ նշվում է նաև Հայաստանի Առաջին հանրապետության և հայ-ամերիկյան բարեկամության հաստատման100-ամյա հոբելյանը: Այս տարին նշանակալի փոփոխություններ է բերել Հայաստանին: Խաղաղ ժողովրդական շարժումը, որը փոխել է կառավարությունը նոր հիանալի գլուխ է բացել հայոց պատմության մեջ: ԱՄՆ-ն հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու և հնարավորինս շուտ բանակցությունները վերսկսելու դիրքորոշմանը»: