«Դիարբեքիրն իմ մի մասնիկն է, ես էլ՝ նրա»․ գրող Մկրտիչ Մարկոսյանի հարցազրույցը թուրքական «Հյուրրիյեթ»-ին
Թուրքիայում ժամանակակից ամենահայտնի հայ գրողներից Մկրտիչ Մարկոսյանը հարցազրույց է տվել թուրքական ամենաընթերցվող՝ «Հյուրրիյեթ» պարբերականին, որի ժամանակ խոսել է իր հայրենի Դիարբեքիրի՝ անցյալի ու ներկայի մասին։
Թուրքիայում մեծ արձագանք գտած «Գյավուրի թաղը» գրքի հեղինակը համոզված է, որ անկախ նրանից, որ տարիներ առաջ ստիպված է եղել հայրենի Դիարբեքիրից արտագաղթել Կ․Պոլիս՝ հեռավորությունը չի կարող խանգարել, որ հայրենի հողը միշտ մնա որպես իր մի մասնիկ։
«Ես հեռացա Դիարբեքիրից 1953 թվականին։ Սակայն երբեք կապս չկտրեցի դրա հետ, Դիարբեքիրը միշտ կա։ Ես միշտ քնել ու արթնացել եմ Դիարբեքիրով։ Այն իմ մասնիկն է, ես էլ՝ նրա»,- նշել է գրողը՝ ցավով փաստելով, որ հին Դիարբեքիրն այլևս անցյալ է, և այժմ քաղաքի բազմագույն պատկերը, երբ այստեղ միասին ապրում էին հայեր, ասորիներ, թուրքեր, քրդեր ու արաբներ, լիովին կորած է։
Մարկոսյանը փաստում է, որ այդ ամենը ոչ միայն Դիարբեքիրի, այլև ամբողջ երկրի կենսակերպն ու դիմագիծն է փոխել։
«Միայն Դիարբեքիրում չէ, ամբողջ Անատոլիայում հայեր գրեթե չմնացին։ Բոլորը գաղթեցին։ Դրա պատճառների մասին մենք կարող ենք երկար վիճել, սակայն իրականությունն այն է, որ մարդիկ այստեղ միասին են ապրել, իսկ այժմ այդ մշակույթից ոչինչ չի մնացել։ Մենք դարձել ենք միմյանց վանող ու խտրական մի հասարակություն», - ասել է գրողը։