Բոլոր պատգամավորներին այսօր առավոտյան ուղարկվել են անհատական հրավերներ. Է. Աղաջանյանը՝ Ա. Աշոտյանի մեղադրանքին ի պատասխան
Պարոն Աշոտյանը պնդում է, թե պատգամավորների նկատմամբ կառավարության կողմից անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվում «հերթական անգամ», քանի որ անհատական հրավերներ բոլոր պատգամավորները չեն ստացել, այլ փոխարենը՝ խմբակցությունների ղեկավարների միջոցով են հրավիրվել: Այս մասին վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառմանը:
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ բոլոր պատգամավորներին այսօր առավոտյան ուղարկվել են նաև անհատական հրավերներ, այդ թվում՝ նաև պարոն Աշոտյանին: Վերջինիս օգնականի և իր հետ անձամբ հնարավոր չի եղել կապ հաստատել ամբողջ օրը: Վերջապես կապվել է իմ օգնականը, ում ի պատասխան հարգարժան պատգամավորը հայտնել է, որ չի ընդունում հրավերը, հաշվի առնելով, որ «այն ուշացած է»:
Այնուամենայնիվ, հույս ունեմ, որ պարոն Աշոտյանը կմտափոխվի և երեկոյան կհանդիպենք՝ նշելու ՀՀ անկախության 27-ամյակը»,-գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:
Հիշեցնենք, որ մինչ այդ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով հրավիրատոմսը, գրել էր.
«Այսօր, Հայաստանի ամենակարեւոր պետական տոնին, իշխանության ղեկին հայտնված մարդիկ կրկին ցույց են տալիս, որ չունեն պետականության ընկալում, չունեն դաստիարակության եւ բարեկրթության պատշաճ մակարդակ։
Ազգային Ժողովի պատգամավորներին այս կերպ հրավիրելով պետական տոնին՝ ապացուցում եք, որ շարունակում եք դասեր չքաղել սեփական սխալներից, դրսեւորում եք պետական մտածելակերպի իսպառ բացակայություն։
Կրկին հիշեցնեմ, որ սա ձեր սելֆի-ժամը չէ, փրփուր-party չէ, ձեր ատամհատիկը չէ։ Հետո չզարմանաք, երբ սկսեք հնձել ձեր ցանածը։
Նորից շնորհավոր բոլորիս տոնը»։