Մի՛ բացառեք, որ ևս երեք ամիս հետո ՔՊ-ն հայտարարի, որ պառլամենտական ընտրություններ պետք չեն. Արարատ Զուրաբյան
Երևանի ավագանու «Երևանցիներ» դաշինքի առաջին համար Արարատ Զուրաբյանը նույն համոզմանն է մնացել, որ երկրին հնարավորինս արագ արտահերթ խորհրդարանական ընտրություններ են պետք:
«Ես դրա մասին խոսել եմ, երբ նոր էր Նիկոլ Փաշինյանն ընտրվել վարչապետ, իրեն և հասարակությանը կոչ եմ արել չնայել ոչ մի բանի և արագացված կարգով անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ: Իմ կոչն ինչ-որ տեղ չեն լսել, բայց ինչքան այդ տարածությունը հեռանա, այդքան արդյունքների տեսակարար կշիռը փոփոխության է ենթարկվում»,-ասաց նա:
Հարցին, թե հնարավոր է՝ խորհրդարանական ուժերը խոչընդոտեն անցկացնել արտահերթ ընտրությունները, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը արձագանքեց, որ չի լսել քաղաքական հայտարարություններ այդ ուժերի կողմից այն մասին, որ համաձայն չեն: «Երբ կլսեմ, այդ մասին կխոսեմ: Հետո, մի՛ բացառեք, որ ևս երեք ամիս հետո ՔՊ-ն կհայտարարի, որ պառլամենտական ընտրություններ պետք չեն, Նիկոլն էլ կհանգի նրան, որ պետք է լինի նախագահական համակարգ»,-ասաց նա: