Հայտնի է դարձել Վիետնամի նախագահի մահվան պատճառը
Հայտնի է դարձել Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանգի մահվան պատճառը։ Ինչպես գրում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում անելով վիետնամական պետական գործակալությանը, նախագահը կյանքից հեռացել է ծանր հիվանդության պատճառով։
Երկրի առաջնորդը մահացել է մայրաքաղաք Հանոյի հիվանդանոցներից մեկում։ Աղբյուրը հայտնում է, որ նրա հիվանդության դեմ պայքարում էին թե՛ տեղացի, թե՛ արտասահմանցի մասնագետները։ Լրատվամիջոցները, սակայն, չեն մանրամասնել, թե ինչ հիվանդությամբ է տառապել Կուանգը։
Հիշեցնենք, որ Վիետնամի նախագահը մահացել է այս առավոտ՝ 61 տարեկան հասակում։
Չան Դայ Կուանգը ծնվել է 1956 թվականի հոկտեմբերի 12-ին՝ Վիետնամի հյուսիսային Նինբին նահանգում։ Իր կարիերայի սկզբում նա ծառայել է երկրի ներքին գործերի նախարարությունում, այնուհետև անցել է Հանրային անվտանգության նախարարություն՝ ավելի ուշ դառնալով դրա ղեկավարը։
2016 թվականին Կուանգը դարձել է երկրի նախագահ։