Թուրքիայում ձերբակալված ավստրիացի լրագրողը դատարանի որոշմամբ կալանավորվել է
Թուրքիայում օրեր առաջ ձերբակալված ավստրիացի լրագրող Մաքս Ցիրնգաստը դատարանի որոշմամբ կալանավորվել է, այս մասին գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը։
Հայտնի է, որ ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալված լրագրողը հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները։
«Ես սոցիալիստ եմ, պաշտպանում եմ համամարդկային արժեքները։ Երեք տարի է՝ բնակվում եմ Թուրքիայում։ Որևէ կերպ գաղտնի գործունեություն չեմ ծավալել։ Կյանքս դասավորելու համար տուն եմ գնել այստեղ։ Խմբավորումը, որի հետ կապի համար ինձ մեղադրում են, ես չգիտեմ։ Որևէ խմբավորման անունից գործունեություն չեմ ծավալել», - նշել է լրագրողը։
Ցիրնգաստը Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում է «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման օգտին քարոզչություն ծավալելու և խմբավորման հետ կապեր ունենալու համար։
Լրագրողն ուսում է ստացել Վիեննայում և Անկարայում, աշխատում է Գերմանիայում և Ավստրիայում հրատարակվող Re:volt ամսագրում ու ԱՄՆ-ից ղեկավարվող Jacobin կայքում։ Նա նաև աշխատել է Թուրքիայում ընդդիմադիր ու քրդամետ մի շարք լրատվամիջոցների համար։
Ավելի վաղ Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը բացատրություն է պահանջել Թուրքիայից Ցիրնգաստի ձերբակալության առնչությամբ։