Շարունակելու ենք ամրապնդել երկրի անկախությունն ու անվտանգությունը՝ սերունդներին թողնելով խաղաղ, կայուն ու զարգացած հայրենիք. Արմեն Գրիգորյան
Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է երկրի Անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի քաղաքացիներ,
Մեծ ակնածանքով և խորին հպարտությամբ հղում եմ շնորհավորանքս ողջ հայ ժողովրդին մեր հիրավի ամենաարժեքավոր ձեռքբերման՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարելիցի առիթով:
Վստահ եմ, որ յուրաքանչյուր հայ, աշխարհի ցանկացած հատվածում, անկախություն ասելիս ակնածանքով է լցվում հայ զինվորի հանդեպ, քանզի նրանց անձնուրաց ծառայության շնորհիվ մեր պետության սահմաններն անխախտ են, անկախությունը՝ այլևս անսասան իրողություն:
Մեր խոնարհանքը բոլոր այն հայորդիներին, ովքեր իրենց կյանքն են զոհել հանուն մեր Հայրենիքի կայացման և անկախության ամրապնդմանը: Մեր երախտիքը սահմանին կանգնած զինվորին, ով մեր անկախության ամենահուսալի հենարանն է:
Սիրելիներս, մենք շարունակելու ենք ամրապնդել մեր երկրի անկախությունն ու անվտանգությունը՝ ապագա սերունդներին ժառանգություն թողնելով խաղաղ, կայուն և զարգացած Հայրենիք:
Կեցցե′ անկախ, ազատ և հպարտ Հայաստանը:
Շնորհավոր տոնդ, Հայրենի′ք»: