Մեր վերջին 20 տարիներն անկախության կորստի տարիներ են եղել, որովհետև քաղաքացին սկսեց խեղճանալ, ընկճվել, իր ազատատենչությունն անկյուն սեղմվեց. Արամ Մանուկյան (տեսանյութ)
Ժողովրդի գործոնը, ազատ քաղաքացու գործոնը, իսկ ղեկավարության համար ազատ ապրելու սկզբունքն էր խարխլվել։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ փոխնախագահ, անկախության հռչակագիրը կարդացած Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով՝ հարցին, թե ինչու անկախությանը հաջորդած տարիներին իրնեք ընդդիմադիր դարձան։ Մանուկյանը նկատեց, որ ՀՀ վերջին 20 տարիներն անկախության կորստի տարիներ են եղել, որովհետև քաղաքացին սկսեց խեղճանալ, ընկճվել, իր ազատատենչությունն անկյուն սեղմվեց, սակայն այսօր արդեն արձանագրվեց, որ ՀՀ անկախությունն այլևս անշրջելի է։
- Պարո՛ն Մանուկյան, 27 տարի առաջ այս օրը Խորհրդային Հայաստանի քաղաքացիներն ընտրեցին անկախության ճանապարհը, և այդ ընթացքում Ձեր քաղաքական ուժը բավականին ակտիվ էր: Արդյո՞ք, երբ որ նախաձեռնվում էր հանրաքվեն, իսկապես պատկերացնում էիք, որ Հայաստանի քաղաքացին կընտրի անկախությունը՝ հաշվի առնելով, որ, ի վերջո, բավականին երկար ժամանակ էր ապրել Խորհրդային միության ենթակայության տակ:
- Եթե Դուք մասնակիցը լինեիք հանրաքվեի օրերին, այս հարցը չէիք տա, ասեմ՝ ինչո՞ւ, որովհետև ոչ թե հանրաքվեի օրը որոշվեց հանրաքվեի օրը, և մարդիկ եկան քվեարկելու, այլ հանրաքվեի գործընթացը սկսվել էր 88-ի շարժումով: Այս շարժումը մեր ժողովրդին բերել է բազում հաղթանակներ, և այնպիսի ոգևորություն, այնպիսի աստվածային, հումանիստական, ազատատենչ ոգի կար ամբողջ Հանրապետությունում, որ, իհարկե, վստահ էին, որ պետք է գան, քվեարկեն:
Բոլորը երազում էին, Ձեզ ավելին ասեմ՝ այդ երազի մեջ կար նաև ուրիշի երազ. բոլորը մտածում էին՝ 100-ամյակներ հայն ուզել է անկախություն, բայց չի ստացել, պայքարել է, բայց չի հասել, զոհաբերվել է, բանտերում է անցկացրել, բայց չի կարողացել իր նպատակին հասնել: Եվ 88-ի ոգին եկավ, հանրաքվեի քվեաթերթիկ դարձավ՝ 95.5%: Մեր բազմահազարամյա պատմության մեջ չկա նման օրինակ, երբ կամավոր քաղաքացին եկել է ու իր երկրի ճակատագիրը որոշել, եկել ու քվեարկել է: Այնպես որ, 2 մլն 56 հազար մարդ կամավոր, քեֆ-ուրախությամբ, մաղարիչով, մատաղով, զուռնա-դհոլով եկավ և կերտեց մեր երկրի անկախությունը: Մենք սպասում էինք, և դա սպասված էր, քանի որ հիմքը դրվել էր ազատագրական 88-ի վեհ շարժումով:
- 88-ի շարժման ժամանակ դժվարություններն էլ շատ էին, այսինքն՝ մենք հասկանում էինք, որ շատ խնդիրներ ունենք, և անկախացման ճանապարհը մեզ հեշտ չի տրվելու անկախ ամեն ինչից, առանցքային սկզբունքները որո՞նք որդեգրեցիք, և արդյո՞ք ձեր իշխանավարման ընթացքում հաջողվեց ի սկզբանե ընտրված առաջնային սկզբունքները պահպանել:
- Անշուշտ, այդ որոշումները կայացվել են ժողովրդի միջոցով և հրապարակներում: Մի՛ մոռացեք, որ մինչև պառլամենտ գալը մենք 88-ից մինչև 90 թվականի մայիս-հունիսը եղել ենք Ազատության հրապարակում, և հրամայողը, տերը եղել է ժողովուրդը: Մեր շարժման և հետագայում, իհարկե, հռչակագրի տեքստի ռեալությունը, իրատեսությունը կախված է դրա հետ, ժողովրդի հետ, այսպես հաղորդակից անոթներով աշխատելու մեջ, և մենք ընդամենն արձանագրում ենք այն, ինչ ժողովուրդն ուզում է: 90 թվականի հռչակագրի տեքստն, օրինակ՝ մինչև հիմա դեռ ոչ մեկը չի քննադատել, անցել է 28 տարի, կարող են լինել վիճելի լիքը դրույթներ, սկզբունքներ, բայց որ մեկը չի քննադատել, որովհետև դրանք այնքան ռեալ, իրատեսական են, այնքան հողեղեն են, այնքան ժողովրդի ուզածների հետ համահունչ են, որ չկա որևէ ուժ, որ մինչև հիմա քննադատի: Այդ առումով է, որ մենք հաջողություն ունեցանք լինել ժողովրդական, մեծամեծ, պոռոտախոս բաներ չասել, մեր շարժման սկզբունքներն էին՝ ոտքերը մեկնել քո ուժերի չափով, հաշվի առնել միջազգային իրողությունները, գրել նոր, ազատատենչ գաղափարներ, և այդ ամենի կենտրոնում լինի մարդը, Աստծու կողմից ստեղծված մարդը, ով ուզում է երկիրը տեսնել զարգացած, բարգավաճ, ազատ և այլն: Այդ սկզբունքները պահպանվել են, և Ձեզ ավելին ասեմ՝ այդ սկզբունքների հիման վրա էր, որ Ղարաբաղում հաղթանակ կերտվեց: Եթե չլիներ անկախությունը, չլիներ այս շարժումը՝ Ղարաբաղում մենք այսպիսի հզոր, պատմական հաղթանակ չէինք ունենա: Դա հիմք տվեց Ղարաբաղում ունենալ լրջագույն, պատմական հաղթանակներ:
- Պարո՛ն Մանուկյան, այսօր տեսակետ կա, որ տարիներ առաջ անկախությունը ոչ թե տրվեց որպես այդպիսին, այսինքն՝ հայը ոչ թե վերջնական պայքարեց իր անկախության համար, այլ հանգամանքների բերումով՝ պարզապես «սառը պատերազմում» Ռուսաստանը պարտվեց, Սովետական միությունը փլուզվեց, և անկախություն շատերին տրվեց: Այսինքն՝ դա ոչ թե հայի վերջնական պայքարի արդյունք էր, երազանքն էր, այլ ուղղակի հանգամանքների բերումով է: Ի՞նչ կասեք այս մասին:
- Կա՛մ մոլորություն է, կա՛մ չարություն է այսպիսի միտք արտահայտողների մտքում, ինչո՞ւ, որովհետև Սովետական միությունը քայքայվել է մեր հռչակագրից 2.5 տարի հետո: 90 թվականի օգոստոսի հռչակագիրը, որ անկախության գործընթացի սկիզբը դրեց, և 91 թվականի հանրաքվեն, որը դեռևս 91-ի մարտին որոշվեց, Սովետական միության չքանդված վիճակում էին: Ժամանակագրական առումով Ղարաբաղյան շարժումը եղել է թիվ 1 շարժումն ամբողջ Սովետական միության տարածքում, Հայաստանը միակ երկիրն է, որը դուրս է եկել Սովետական միությունից Միության օրենքներով և կանոններով, միջազգային բոլոր կանոնների պահպանմամբ, դրանով մենք ապահովեցինք մեր անխուսափելիությունը, մենք գնացինք այն ճանապարհով, որ որևէ մեկը չկարողացավ ասել՝ քո աչքի վերևն ունք կա, մենք պահպանել ենք միջազգային ստանդարտները, Սովետական միության օրենքները և ժողովրդի կամքը: Այսինքն՝ այս բոլորը միասին կարողացան մեր անկախությունը դարձնել անշրջելի և շատ լուրջ: Մի՛ մոռացեք, որ Սովետական իմպերիան դրանից հետո այնքան ծանր քայլեր է կիրառել մեր դեմ. չէ՞ որ «Ղարաբաղ» կոմիտեն ձերբակալվեց ամբողջ կազմով, «Կալցո» օպերացիան տեղի ունեցավ, վերջին հաշվով՝ երկրաշարժը, 400 հազար փախստականները մեր ուսերին էին, այդ ծանր բեռը Սովետական իմպերիայի արդյունքում էր, և իրենք մտածում էին, որ մենք կմնանք իր փլատակների տակ, բայց մենք ժողովրդի աջակցությամբ դուրս եկանք, որովհետև լուրջ բան կար, որը, թվում է, թե այսպես կարևոր չէ, ժողովրդին սիրելու և ժողովրդի կողմից վստահելի լինելու արդյունքում է, որ այս հաղթանակները կերտվել են, կարևորագույն գործոն է սա: Պետք է ժողովրդին անկեղծ սիրով սիրես, ոչ թե ցուցադրական բառերի միջոցով, և ինքն էլ քեզ պետք է սիրի, վստահի, այդ ժամանակ իրական հեղափոխությունը դառնում է իրականություն: Այնպես որ, Հայաստանն ամենաշատն է վաստակել իր անկախությունը Սովետական միությունից բոլոր կանոններին, չափանիշներին համապատասխան:
- Անկախությանը հաջորդած տարիներին՝ արդեն 98 թվականից հետո, Դուք, Ձեր ուժն ընդդիմադիր էիք: Ձեր երազած Հայաստանի հատկապես ո՞ր հիմքերն էին խարխլվել այդ տարիներին:
- Ժողովրդի գործոնը, ազատ քաղաքացու գործոնը, իսկ ղեկավարության համար ազատ ապրելու սկզբունքը: «Ղարաբաղ» կոմիտեն, խորհրդարանները եղել են ազնիվ մարդկանց հավաքատեղի, և այն պառլամենտը, որը քվեարկեց, հանրաքվեի արդյունքում Գերագույն խորհրդի որոշումը, որը ես ընթերցեցի 90-ի օգոստոսին, քվեարկել են բացառապես ազնիվ մարդիկ, մարդիկ, ովքեր նույն կոստյումով մտել են խորհրդարան, նույն կոստյումով դուրս են եկել, նույն մեքենայով, նույն սեփականությամբ մտել են, նույնով դուրս են եկել: Ոչ մեկն իր ունեցվածքի, սեփականության, իր բարեկամների համար չի մտել խորհրդարան: Իսկ 98-ից գլխիվայր շուռ եկավ այս սկզբունքը՝ մեծամասամբ սկսեցին գռփել, հարստանալ, խախտել օրենքները, գողերի, հանցագործների հետ հացի նստել և իշխանություն կիսել, և քաղաքացին կորավ: Եվ մեր վերջին 20 տարիներն անկախության կորստի տարիներ են եղել, որովհետև քաղաքացին սկսեց խեղճանալ, ընկճվել, իր ազատատենչությունն անկյուն սեղմվեց, «Մարտի 1» եղավ, «Հոկտեմբերի 27» եղավ, ծեծ ու ջարդ եղավ, քաղաքացիները բանտեր լցվեցին, և խեղճացավ ազատությունը: Եթե չկա ազատ քաղաքացի՝ չկա ազատ երկիր: Այս առումով կորուստներ եղան, բայց, փառք Աստծո, անվերադարձ չէին այդ կորուստները, եկավ նոր շարժում, եկավ նոր երիտասարդական հեղափոխություն և վերականգնեց հույսը: Այսօր, գոնե, կարող ես ասել, որը հիմքն է, բազան է անկախության, ազատ է, ազատ մտածում է, ազատ շնչում է, ժպիտը շատ է, հումանիզմը շատ է, իրեն վստահելը շատ է, և կոռուպցիան, գողությունը, հանցագործությունը մերժված են: Այսօր մենք այն հոգեբանական վիճակում ենք, որը, կրկնում եմ, ազատության հիմքն է. սերը, ազատությունը, ազատատենչությունը հիմքն են ազատության:
- Անկախության հռչակագիրը Դուք եք կարդացել, երբ որ կարդում էիք, ի՞նչ էիք զգում:
- Բարձր պատասխանատվություն և հպարտություն: Հպարտություն, որ դու անում ես քեզնից հազար տարի առաջ այդ գաղափարի համար զոհվածի նպատակը, քեզնից 100 տարի առաջ բանտերում անցկացրած ջահելների երազն ես իրականացնում: Ղարաբաղյան պատերազմում զոհված հազարների երազն ես իրականացնում: Գիտե՞ք, թե ինչ ծանր բեռ էր: Այդպիսի զգացողություն, միևնույն է, չեք զգա: Այդ զգացողությունը, հպարտությունը պատասխանատվության հետ գումարվել էր ու խառնել էր, շփոթեցրել էր:
- Պարո՛ն Մանուկյան, իհարկե, հասկանում եմ, որ այսօր մենք բավականին փոքր պետություն ենք, և աշխարհաքաղաքական մեծ գործոններն իրենց ասելիքն ասել են և կասեն, սակայն արդյո՞ք չկա ճանապարհ՝ այս ամեն ինչից ավելի ադեկվատ դուրս գալու, ավելի անկախ լինելու որոշումների կայացման հարցում։
- Իհարկե, կարող ես: Փոքր երկրները, որոնց վրա ազդեցությունները շատ են, դա կարող են կոմպենսացնել իրենց խելոք լինելով, իրենց ճշգրիտ լինելով, իրենց դեպքերի, իրողությունների, ուժային կենտրոնների հետ այսպես, ուղիղ աչքերին նայելով, ռեալիստ լինելով: Այդ առումով դու կարող ես քո շահերը համընկեցնել Ձեր ասած այն երկրների շահերի հետ, որոնք կարող են քեզ վրա ճնշում գործադրել և դրանից շահել: Մենք այդ բոլոր գործընթացները 90-ականներին արել ենք այս սկզբունքով: Երբ համընկել են մեր և Արևմուտքի շահերը, մեր և Ռուսաստանի շահերը, մեր և Պարսկաստանի շահերը, մեր և Եվրոպայի շահերը, մենք ղարաբաղյան հաղթանակը կերտել ենք այդ մեթոդով, այսինքն, եթե դու փոքր ես, չունես, բարի եղիր այնքան խելոք լինել, որ այդ երկրների, հզորների շահերը համընկեն քո շահերի հետ:
- Այսինքն՝ ճանապարհներ կան, պարզապես պետք է գտնե՞լ այդ ճանապարհները:
- Կան: Ասածիս ապացույցն այն է, երբ այսօր աշխարհում կա 190 երկիր, որից առնվազն 60-ը շատ փոքր երկրներ են, բայց նրանք զարգացել են, թռել են տիեզերք, թռել են Եվրամիություն, այդ լուծումը կա, այսինքն՝ ճիշտ են վարվել, ժողովուրդը ճիշտ ընտրություն է արել, աջակցել է իր իշխանություններին, իր իշխանությունն էլ խելոք է եղել, և աշխարհի շահը համընկել է քո երկրի շահերի հետ: Սա ճանապարհ է, ուժեղ չես՝ գոնե, բարի եղիր խելոք լինել: Այս դեպքում կհաղթես:
- Նախկինում շատ էին ասում, որ Անկախության տոնը չեն կարողանում լիարժեք նշել: Այսօր մենք այդ անկախության կրո՞ղն ենք, կկարողանա՞նք իսկապես Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակը նշել:
- Հուսամ՝ դա այդպես է, որովհետև այն երիտասարդությունը, որ գարնանը դուրս եկավ փողոց, փառք Աստծո, առանց կորուստների դուրս եկավ, ինքը չի նվնվում, որ կորուստներ է ունեցել, առանց կորստի հաղթել է, այդ երիտասարդությունն ունի առավելություն, ունի կամք, ունի մոտիվացիա, ունի խնդիր, ինքը հասկանում է, թեպետ, կարող է՝ մեր չափ չի հասկանում, որովհետև մենք տեսել եք՝ ինչի միջով ենք անցել, իրենք շատ մաքուր են, ավելի լավ՝ թող կոմպլեքսավորված չլինեն, իրենց ինֆորմացվածությունը և այսօրվա հաղորդակցվելու միջոցները թույլ են տալիս ասելու, որ իրենք պատրաստ են պայքարելու մեր երկրի անկախության համար: Շատ հուսադրող է, բնական է, գեղեցիկ է, և ես դրանով հպարտանում եմ: Այսինքն՝ այսօր կարող եմ այսպես ասել՝ մեր անկախությունն անշրջելի է, լավագույնը դա է: Դու կարող ես հանգիստ գլուխդ դնել բարձին և ասել՝ կայացել է այն, ինչ ուզում էի, այն, ինչ այն պահին զգում էի, երբ որ Անկախության հռչակագիրը կարդացի: Լավատես եղե՛ք և շնորհավո՛ր:
Մանրամասները՝ տեսանյութում։