Չի գաղտնազերծվել 0038 հրամանի այն մասը, որը կարող է վտանգել ոչ թե անձանց, այլ մեր ազգային անվտանգությունը․ Դավիթ Տոնոյան
Մենք հումանիտար առաքելությամբ ենք Սիրիայում հանդես գալիս: Եռաբլուր պանթեոնում պատասխանելով Tert.am-ի հարցին, թե բազմաթիվ վերլուծաբաններ, պաշտպանության ոլորտի ներկայացուցիչներ քննադատում են Սիրիայում մեր զինված ուժերի տեղակայման մասին որոշումը՝ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Ես չեմ ընդունում այդ մոտեցումը: Մենք այնտեղ հումանիտար գործողություններ ենք իրականացնելու: Կին բժիշկները ինչպե՞ս կարող են կոնֆլիկտի մեջ ներառվել, կամ ականազերծողը ինչպե՞ս կարող է կոնֆլիկտի մեջ ներառվել»,- ասաց նա:
Անդրադառնալով Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո Ռուսաստանից զենքի մատակարարումների հարցով նորություններին՝ պաշտպանության գերատեսչության ղեկավարը նշեց․ «Այդ հարցում ամեն ինչ նորմալ ընթանում է, մեր ժամկետներում: Խնդիրներ չունենք»:
Մեկ այլ հարցի, թե երբ ամբողջությամբ կգաղտնազերծվի 0038 հրամանը և արդյո՞ք այնտեղ կլինի Սեյրան Օհանյանի անունը, որովհետև ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսված հեռախոսային զրույցի մեջ հիշատակվում է նաև նրա անունը, Դավիթ Տոնոյանը պատասխանեց․ «Չի գաղտնազերծվել հրամանի այն մասը, որը կարող է վտանգել ոչ թե անձանց, այլ մեր ազգային անվտանգությունը»:
Դիտարկմանը, թե մամուլում այնուամենայնիվ, որպես 0038-ում ներառված պաշտոնյա, Սեյրան Օհանյանի անունը շրջանառվում է, նախարարը պատասխանեց․ «Ամեն դեպքում հրամանի այն մասում, որը գաղտնազերծված է, նրա անունը չկա»: