ԱՄՆ-ը հավատարիմ է մնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման իր հանձնառությանը. Մայք Պոմպեոն շնորհավորական ուղերձ է հղել
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հայաստանի անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում, մասնավորապես ասված է.
«Միացյալ Նահանգների կառավարության անունից սիրով շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին պետական անկախության հռչակման և վերականգնման պատմական հանրաքվեի 27 ամյակի առթիվ: Այս տարին առանձնահատուկ կարևոր է, քանզի այն նշանավորում է նոր պատմության շրջանում Հայաստանի առաջին հանրապետության հարյուրամյակը, ինչպես նաև հայ-ամերիկյան բարեկամության 100 տարին:
Այս տարի Հայաստանում ակնառու փոփոխություններ եղան: Խաղաղ ժողովրդական շարժումը, որ բերեց կառավարության վերափոխման, մի նոր ուշագրավ գլուխ է բացել Հայաստանի պատմության մեջ: Պատրաստ եմ աշխատել Հայաստանի ժողովրդի և կառավարության հետ ամուր ժողովրդավարական հաստատություններ կառուցելու, կոռուպցիայի դեմ պայքարելու և տնտեսական աճը խթանելու ձեր նպատակների կենսագործման ուղղությամբ:
Միացյալ Նահանգները նաև հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման իր հանձնառությանը և կոչ է անում կողմերին հնարավորինս շուտ ձեռնամուխ լինել ինտենսիվ բանակցային գործընթացի:
Լիահույս ենք, որ առաջիկա տարում մեր կապերն առավել կամրապնդվեն»: