Թրամփը հաստատել է կիբերանվտանգության վերաբերյալ Պենտագոնի ներկայացրած նոր մարտավարությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է կիբերանվտանգության վերաբերյալ նոր մարտավարությունը, որում նշվում են այս ոլորտում ԱՄՆ-ի համար հիմնական սպառնալիք ներկայացնող երկրներն ու դրանց ծավալած գործողությունների դեմ պայքարի արդյունավետ միջոցները, գրում է Life.ru-ն:
Ինչպես հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, փաստաթուղթն ուժի մեջ է մտնում սույն թվականի սեպտեմբերի 20-ից:
«Նախագահն այսօր ստորագրել է երկրի կիբերանվտանգության վերաբերյալ նոր մարտավարությունը, որը վերջին 15 տարում այս ոլորտում հստակ ձևակերպված առաջին մարտավարությունն է»,- հայտարարել է Բոլթոնը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պենտագոնը ներկայացրել է կիբերանվտանգության վերաբերյալ նոր մարտավարություն, որում Չինաստանը, Ռուսաստանը, Իրանն ու Հյուսիսային Կորեան ներկայացված են որպես կիբերտարածությունում ԱՄՆ-ի համար հիմնական սպառնալիք ներկայացնող վտանգներ: