Երևանի քաղաքապետ ընտրվելու դեպքում կսկսեմ նախադպրոցական հիմնարկներից, քաղաքում գիշերային ժամերին աղմկող երիտասարդներից. Արարատ Զուրաբյան
Այսօր ունենք լրջագույն ձեռքբերում, որովհետև մեր հասարակությունը 20 տարի անց կարողացել է վերականգնել սահմանադրական կարգը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը: Նրա խոսքով՝ հակաժողովրդական ճանապարհով իշխանության հաստատումն անցյալում է:
«Հայաստանում նոր իրողություն է, որը տարբեր մեկնաբանությունների առիթ է տալիս: Հասարակության մի մասն ունի ավելի մեծ սպասելիքներ, քան կարելի է ստանալ այս 100 օրվա ընթացքում: Մի բան ակնհայտ է՝ ՀՀ-ում սկիզբ է առել լուրջ և նոր գործընթաց, կան արդյունքներ, մեծ գործ է արվել «Մարտի 1»-ի բացահայտման ուղղությամբ, որը շատ կարևոր է, քանի որ մեր հասարակությունն առաջ գնալու հնարավորություն չի ունեա, քանի դեռ «Մարտի 1»-ը չի բացահայտվել»,- ասաց նա:
Զուրաբյանը գտնում է, որ «Մարտի 1»-ի գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեղեկացվածությունն ավելի մեծ է, քան շարքային քաղաքացիներինը. «Ամեն ինչ ի սկզբանե ճիշտ է ընթացել, այդտեղ գործել է խմբավորում, որը կազմակերպել է ընտրությունների ապօրինությունները, իսկ հետընտրական շրջանում բռնի ուժ են կիրառել, որը զուգորդվել է սպանություններով, հիմնական մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է»,- շարունակեց Զուրաբյանը:
Պատգամավորը, որը նաև քաղաքապետի թեկնածու է, խոսելով Երևանի ավագանու ընտրությունների մասին, հայտարարեց, թե բոլոր թեկնածուների շանսերը հավասար են: Նա հիշեցրեց, որ ինքը մի քանի տարի ղեկավարել է կենտրոն համայնքը և շատ լավ պատկերացնում է խնդիրները: Նա չի ցանկանում մայրաքաղաքի խնդիրներն առանձնացնել մեկը մյուսից, քանի որ սխալ է համարում դա:
«Այսօր խոսում են վերելակներից, բայց ես կսկսեմ նախադպրոցական հիմնարկներից, քաղաքում գիշերային ժամերին աղմկող երիտասարդներից. դրանք բոլորը նույնչափ կարևոր խնդիրներ են: Սակայն առաջնային են նաև քաղաքի եկամուտները, Երևանն ունի 80 մլրդ. դրամ բյուջե, Հայաստանի բնակչության գրեթե կեսը կենտրոնացված է Երևանում, մայրաքաղաքին հատկացված գումարները շատ փոքր են՝ խնդիրներ լուծելու համար»,- նշեց Արարատ Զուրաբյանը:
Քաղաքապետի թեկնածուն շեշտեց, որ ինքը հարգում է Երևանի քաղաքապետի մյուս թեկնածուներին, սակայն ինքն իր մասով մեկ փաստարկ ունի: Նա համոզված է, որ ինքը հաղթելու է ընտրություններին:
«Գիտեմ մեկ բան, եթե ես իմ հարազատին տանում եմ բժշկի, փորձում եմ գտնել մեկին, որը կարող է բուժել, Երևանի ղեկավարը ուղնուծուծով երևանցի պետք է լինի»,- եզրափակեց Արարատ Զուրաբյանը: