Բրիտանացի թոշակառուն սխալմամբ 4 մլն դոլարի հաշիվ է ստացել ու որոշել ինքնասպան լինել
Մեծ Բրիտանիայի 90-ամյա բնակիչ Ջորջ Թեյլորը հարկային ծառայությունից սխալմամբ իր հասցեով ուղարկված նամակ է ստացել, որում նշվել է, որ տղամարդը 4.1 մլն դոլարի եկամուտ է ունեցել ու այժմ պարտավոր է 281.000 դոլար հարկ վճարել:
Ինչպես նշում է life.ru-ն, թոշակառուն, որը վերջերս է կորցրել սիրելի կնոջն ու դրա պատճառով սթրեսի մեջ է, հավատացել է փաստաթղթում գրածին՝ որոշելով ինքնասպան լինել:
Քանի որ Թեյլորը զավակներ չունի, նա հասկացել է, որ հարցը միմիայն իր ուսերին է: Բարեբախտաբար, ծառայության աշխատակիցներից մեկը գլխի է ընկել՝ ինչ է կատարվել ու օգնել է տարեց մարդուն շտկել իրավիճակը:
«Ես մոտ 42 տարի հրշեջ եմ աշխատել, և նույնիսկ եթե ամբողջ կյանքում ո՛չ խմեի, ո՛չ էլ ուտեի, միևնույն է՝ այդքան գումար չէի կարող հավաքել: Նրանք մեղքը գցեցին համակարգչի վրա, բայց ո՞վ է այդ տվյալները դրա մեջ գրանցել: Ես ուզում էի կյանքիս վերջ տալ ինքնասպանությամբ»,- կիսվել է Թեյլորը:
Ի վերջո պարզվել է, որ բրիտանացին հարկային ծառայությանը պարտք է մոտ 30 դոլար, սակայն ծառայությունը որպես փոխհատուցում նրան 200 դոլար է վճարել: