ՀՀ երկրորդ նախագահն անձեռնմխելի է, դատարանն ազատ արձակեց Քոչարյանին կալանքից. փաստաբան (տեսանյութ)
16:45
«Դատարանը հրապարակեց որոշման եզրափակիչ մասը, համաձայն որի՝ բավարարում է պաշտպանների բողոքը, վերացնում է առաջին ատյանի դատարանի որոշումը Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ՝ հաշվի առնելով,որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է։
Ռոբերտ Քոչարյանն օգտվում է անձեռնմխելիության իրավունքից, չի կարող անձը ենթարկվել քրեական հետապնդման և պատասխանատվության իր պաշտոնավարման և պաշտոնավարումից հետո, եթե նրա գործողությունները բխել են իր կարգավիճակից։ Եթե անձեռնմխելիության հարցն այսպես լուծվեց, ապա մնացած հարցերին դատարանը չպետք է անդրադառնա»,-ասաց Ռուբեն Սահակյանը։
16։11
Վերաքննիչ դատարանի դատարանի որոշմամբ քիչ առաջ ազատ արձակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ դատարանը բավարարեց պաշտպանների բողոքը:
15։26
Վերաքննիչ քրեական դատարանն ավարտել է առաջին ատյանի դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը բեկանելու և Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով բողոքը, ինչպես նաև փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունը՝ կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։
Քոչարյանը կալանավորված է հուլիսի 27-ից։
Նույն հոդվածով մեղադրվում է նաև 2008 թ-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, ում դատարանը կալանավորելու որոշում է կայացրել, և հայտարարվել է հետախուզում։ Մի շարք անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու մեջ է մեղադրվում նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, 2008 թ-ին պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց դատարանն ընտրել է գրավը 5մլն դրամի չափով։
«Մարտի 1-ի» գործով մեղադրյալ է նաև ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը:
Արմեն Գևորգյանը մեղադրվում է «ՀՀ Քրեական օրենսգրքի»՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող 332-րդ հոդվածի 3-րդ մասով:
Բացի այդ, նույն գործի նախաքննության շրջանակներում ԱԱԾ-ի և ՀՔԾ-ի կողմից խուզարկություն է կատարվել ՀՀ նախկին վարչապետ, 2008-ին փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում,որտեղ հայտնաբերվել է ռազմամթերք։
Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով կալանավորվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը: