ԻՊ առաջնորդ ալ-Բաղդադին ծանր վիրավորումից հետո գամված է անկողնուն. լրատվամիջոցներ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին ծանր վիրավորումից հետո գամված է անկողնուն և փաստացի չի ղեկավարում խմբավորումը։ Այդ մասին, ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հայտնել է իրաքյան «Աս-Սումարիա» հեռուստաալիքը՝ երկրի հետախուզությունում աղբյուրի հղումով։
Հեռուստաալիքի զրուցակցի խոսքով՝ ալ-Բաղդադին վիրավորում է ստացել այս տարվա հունիսին՝ իրաքյան ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով։ Ինքնաթիռները հարվածներ են հասցրել ծայրահեղականների խորհրդակցության անցկացման վայրին։ Մի քանի ահաբեկիչ սպանվել է, մյուսները՝ ծանր վիրավորվել։
Ինչպես վստահեցնում է աղբյուրը, խմբավորման ոչ իրաքցի անդամներն ալ-Բաղդադիի փոխարեն առաջադրել են Աբու Ուսման աթ-Թունիսիին, նա, ըստ մականվան, Թունիսից է։ Սակայն այս մտքին դեմ են իրաքցի ծայրահեղականները։
Ալ-Բաղդադիի իրական անունն Իբրահիմ Ավադ Իբրահիմ ալ Բադրի է, նա առաջին անգամ հանրության առաջ է հայտնվել 2014 թվականի հուլիսին, երբ ԻՊ-ի կողմից գրավված Մոսուլի մզկիթից հռչակեց Մերձավոր Արևելքում «իսլամական խալիֆայության» ստեղծման մասին։ Դրանից հետո լրատվամիջոցները մի քանի անգամ հայտնել են նրա մահվան մասին, սակայն այդ լուրերը հաստատում չեն ստացել։