Նախիջևանում լարվածության աճն անխուսափելի էր, ցանկացած պահի իրավիճակը կարող է սրվել. Կ. Վրթանեսյան (տեսանյութ)
Պետք է հասկանանք, որ ցանկացած պահի Նախիջևանի ինչ-որ հատվածում իրավիճակը կարող է սրվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը` անդրադառնալով Նախիջևանի հատվածում գրանցված միջադեպին, որի վերաբերյալ գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Նախ, մանրամասներ հայտնի չեն, թե ինչ է կատարվել Նախիջևանում, ինչպես է վիրավորվել ադրբեջանցի զինվորը: Մի տարօրինակություն նշեմ` Ադրբեջանը սովորաբար չի հայտնում իր վիրավորների մասին, նույնիսկ զոհերի մասին չեն հայտնում իրենք: Շատ հազվադեպ է լինում, որ պաշտոնական հայտնեն ինչ-որ սպանվածի մասին, այնպես որ զարմանալի է այն, որ հայտնել են վիրավորի մասին: Երևի նպատակ կա ցույց տալու, որ հայկական կողմն ինչ-որ բան է անում Նախիջևանում: Այն, որ Նախիջևանի ուղղությամբ պարբերաբար լինելու են նման միջադեպեր, դա էլ սպասելի է այն պահից սկսած, երբ դիրքերը մոտեցրին: Այդ պահից սկսած սպասելի էր, որ լարվածությունը աճելու է: Եթե առաջ կիլոմետրով հեռու էին, հիմա մոտեցել են, հասկանալի է, որ լարվածությունն աճելու է»,-նշեց նա:
Կարեն Վրթանեսյանը նշեց, որ Ադրբեջանը պիտի հասկանա, որ հայկական կողմը ձեռքերը ծալած չի նստելու և փորձելու է չեզոքացնել նոր դիրքերում ամրանալու ցանկացած փորձ:
«Հիմա Նախիջանում ինչ-որ աշխատանքներ են տանում, ճանապարհներ են բարելավում, որպեսզի կարողանան այդ դիրքերին մատակարարում իրականացնել, բնական է, որ հայկական կողմն էլ փորձում է կասեցնել այդ գործողությունները»,-նկատեց նա:
Մանրամասները` տեսանյութում: