Որոշ ուժեր շահարկում են Քոչարյանի գործը՝ վարչապետի վրա ճնշում գործադրելու և նոր ԱԺ-ում հայտնվելու համար․ Վերլուծաբան
«Ազատության» հետ զրույցում քաղաքագետը մանրամասնեց․ «Շատ քաղաքական ուժեր կամ գրեթե բոլոր ուժերը, մեծ հաշվով, ընտրական գործընթացի տակ շարունակում են պատկերացնել իշխանության հետ գործարքը՝ հենց իշխանությանը տեսնելով որպես խորհրդարանում իրենց հայտնվելու երաշխիք: Իսկ խորհրդարանում հայտնվելու խնդիր ունեն գրեթե բոլոր ուժերը, բացառությամբ մեկ-երկուսի: Կոնկրետ, օրինակ, ՀՅԴ-ն ունի անցողիկ շեմի խնդիր»:
Շաբաթ օրը աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող Փաշինյանն արձագանքել էր իր գլխավորած կառավարությանը մաս կազմող Դաշնակցության՝ հուլիսի վերջին արած հայտարարությանը, որում, ըստ էության, քաղաքական էր որակվել Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը: «Մենք փորձ ենք արել ազգային համաձայնության կառավարություն ձևավորել, ով իրեն դուրս է զգում ազգային համաձայնությունից, մենք ոչ մեկին չենք բռնել և չենք պահում»,- Տավուշում հայտարարել էր վարչապետը:
Մինչդեռ, ՀՅԴ-ն չսահմանափակվեց միայն հուլիսյան հայտարարությամբ: Շաբաթ օրը, երբ Փաշինյանը դեռ Տավուշի մարզում էր, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ճեպազրույցի ընթացքում ասաց․ «Մենք ուզում ենք, որ նոր Հայաստանի այս շարժումը հաջողի և հաջողելու համար ուզում ենք, որ չսխալվեն, և որովհետև չէինք ուզում, որ սխալվեն, տեսակետ ենք հայտնում։ Հակառակը, կարծես, մտքի տեռոր է, ոնց որ մտքի տեռոր է տեղի ունենում երկրում։ Այսինքն՝ մտահոգվելու իրավունք է՞լ չունենք, տեսակետ ունենալու հնարավորություն չունե՞նք»:
Ի պատասխան «Ազատության» խնդրանքին՝ մեկնաբանել այդ հայտարարությունը, Փաշինյանն ասել էր․ «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ունի մտահոգվելու իրավունք»: