Էրդողանի փեսան թուրքական լիրան փրկելու ծրագիր է մտածել
Թուրքիայի ֆինանսների նախարար և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքը ներդրողներին կներկայացնի լիրայի փրկության գործողությունների ծրագիր: Այդ մասին նա պատմել է Hurriyet թերթին տված հարցազրույցում:
Ալբայրաքի կարծիքով՝ ազգային արժույթի փոխարժեքի անկումը հստակ հարձակում է՝ սկսված ֆինանսական համակարգի խոշորագույն խաղացողի կողմից: Նախարարը նշել է, որ այդ իրավիճակում գործողությունների ծրագրի մշակմանը մասնակցել են իրական սեկտորի փոքր և միջին ձեռնարկություններ, որոնք առավել շատ են զգացել արժույթի փոխարժեքի տատանումների ազդեցությունը:
Օգոստոսի 10-ին թուրքական լիրան գրանցել է 2001 թվականից ի վեր առավելագույն անկումը, դրա փոխարժեքը 18 տոկոսի անկում է գրանցել: Թուրքիայի նախագահը կոչ է արել երկրի քաղաքացիներին չանհանգստանալ այդ առնչությամբ: Դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքն անկում է գրանցել Թուրքիայից ալյումինի և պողպատի մաքսատուրքերի բարձրացման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո: