Դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ամուսնու կողմից կնոջը ծեծի ենթարկելու, սպանության սպառնալիքներ հնչեցնելու փաստերի առթիվ
Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի բնակչուհի Շ.Պ.-ի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ Շ.Պ.-ի ամուսինը՝ Ժ. Ն.-ն, 2018թ. հուլիսի 29-31 ընկած ժամանակահատվածում անհիմն պատճառներով վիճաբանել է իր հետ, ծեծել է իրեն և երեխաներին, ինչպես նաև տվել է սպանության սպառնալիքներ:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ նյութերի նախապատրաստման ընթացքում բավարար տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ ամուսինը պարբերաբար ծեծի է ենթարկում կնոջը, սպանության սպառնալիքներ տալիս:
«Չնայած այն հանգամանքին, որ կինը՝ Շ.Պ-ն, հետագայում բողոքը հետ է վերցրել, և որոշում է կայացվել գործի հարուցումը մերժել, այդուհանդերձ Արագածոտնի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ հաշվի առնելով դատախազի իրավասությունը հարուցելու քրեական գործ այն դեպքում, եթե անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը»,-ասաց Խաչատրյանը:
Դատախազությունից հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, 119-րդ հոդվածի 1-ին մասով և 137-րդ հոդվածի 1-ին մասով: