«Արմօյլ»-ը շարունակում է կառուցել նավթավերամշակման գործարանը. Econews.am
Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի բնակիչներն ահազանգել են EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքին, որ «Արմօյլ» ՓԲԸ կողմից նավթավերամշակման գործարանի շինարարական աշխատանքները շարունակվում են:
Բնակիչները կայքին պատմել են, որ աշխատանքները շարունակվում են և՛ գիշերը, և՛ ցերեկը: «Ոչ միայն աշխատանքներ են տեղի ունենում, այլև նոր աշխատողներ են ընդունում, որպեսզի արագ ընթանա գործը: Ու այդ ամեն ինչը գաղտնի են անում: Այն ժամանակ, եթե մեքենաներն ավելի շատ էին գործարանի դիմաց, այժմ աշխատողները մեքենաներով չեն գալիս, որպեսզի չերևա, որ աշխատում է»,- պատմել է բնակիչը:
Տեղեկությունը ճշտելու նպատակով կայքը կապ է հաստատել նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանի հետ, ով տեղեկացրել է, որ տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանն անձամբ գտնվում է «Արմօյլ» ՓԲԸ գործարանի տարածքում՝ ծանոթանալու խնդրին:
Հիշեցնենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը օրերս կայացրել էր Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում «Արմօյլ» ՓԲԸ կողմից նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցնելու մասին որոշում մինչև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմնադրութային փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և փորձաքննության դրական որոշման ստացումը: