Sotheby's-ն աճուրդի կհանի Ռոբին Ուիլյամսի և նրա նախկին կնոջ հավաքածուն
Sotheby's աճուրդային տունը հոկտեմբերին Նյու Յորքում աճուրդի կհանի ամերիկացի հանրահայտ դերասան Ռոբին Ուիլյամսի և նրա նախկին կնոջ՝ Մարշայի հավաքածուն, ասվում է ընկերության կայքում։
Հավաքածուում ներառված են ֆիլմերից ու ժամանցային արդյունաբերությունից հիշատակի իրեր, սցենարներ, պարգևներ, այլ աքսեսուարներ։ Կառաջարկվի ձեռք բերել նաև թիկնոցը, որը կրել է դերասան Դենիել Ռեդքլիֆը «Հարի Փոթեր» կինոսագայի առաջին մասում, դերասանի ժամացույցների հավաքածուն և արվեստի գործեր։
Վաճառքը նախատեսված է հոկտեմբերի 4-ին, իսկ ստացված հասույթի մի մասը կուղղվի հասարակական կազմակերպություններին, որոնց Ուիլյամսն օգնում էր կենդանության օրոք։
Դերասանն ինքնասպան է եղել 2014 թվականի օգոստոսի 12-ին՝ իր տանը։ Հիմնական վարկածի համաձայն՝ նրան այդ քայլին է դրդել խոր ընկճախտը։