«Գալակտիկայի պահապանները» ֆիլմի 3-րդ մասի ռեժիսորը կլինի ոչ Ջեյմս Գանը. Disney-ը հեռացրել է նրան
The Walt Disney Studios ամերիկյան ընկերությունը խզել է հարաբերությունները «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Գանի հետ՝ Twitter սոցցանցում մի շարք «վիրավորական» գրառումների համար, որոնք նա արել է դեռ մինչ ստուդիայի հետ պայմանագիր կնքելը, գրում է Los Angeles Times պարբերականը։
«Վիրավորական վարքագիծն ու հայտարարությունները, որոնք հայտնաբերվել են Ջեյմսի թվիթերյան էջում, անընդունելի և անհամատեղելի են մեր ստուդիայի արժեքների հետ, և մենք խզել ենք նրա հետ մեր գործնական հարաբերությունները»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
Disney-ի ներկայացուցիչների խոսքերով՝ Գանը չի ղեկավարի արկածային ֆիլմի երրորդ մասի նկարահանումները։
Ինչպես հայտնում է թերթը, դեռ մինչ ստուդիայի հետ պայմանագիր կնքելը Գանը Twitter-ում մանկապղծության, բռնաբարության ու Նյու Յորքում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական ակտերի վերաբերյալ սարկազմի ոճով գրառումներ է արել։