Եվրոպական հանձնաժողովի նախագահը ՆԱՏՕ-ի գալա ընթրիքին հարբած է գնացել (տեսանյութ)
Հուլիսի 12-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայացել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած գալա ընթրիքը, որին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հարբած է ներկայացել:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, միջոցառմանը, որին ներկա են եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների այլ ղեկավարներ, Յունկերը դժվարացել է պահպանել հավասարակշռությունն ու բարձրանալ աստիճաններով:
Արդյունքում՝ 63-ամյա պաշտոնյային օգնության են շտապել նրա կողքին գտնվող մարդիկ, որոնք ճոճվող Յունկերին ապահով բեմ են բարձրացրել:
Երբ հյուրերը կեցվածք են ընդունել համատեղ լուսանկարի համար, ԵՀ-ի նախագահին է մոտեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Վերջինս թևանցուկ է արել Յունկերին:
Ստորև հրապարակված կադրերում երևում է, որ Յունկերին ոչ մի վայրկյան միայնակ չեն թողնում ու անընդհատ երկու կողմից թևանցուկ տանում են: Բայց նույնիսկ այդ դեպքում նա դժվարանում է հստակ քայլեր գցել: