Բաքվի և Երևանի համաձայնությամբ՝ Ռուսաստանն աշխատում է խնդրների կարգավորման ուղղությամբ. Լավրովը` ԼՂ հակամարտության մասին
Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հետ բանակցությունների ավարտին կայացած ասուլիսում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:
«ՄԱԿ-ի ԱԽ-ի ղարաբաղյան հարցով բանաձևերն ընդունվել են մարտական գործողությունների ընթացքում, և դրանք թույլ են տվել դադարեցնել արյունահեղությունը, իրավիճակի հունը թեքել դեպի քաղաքական երկխոսության կողմը: Բոլոր կողմերի համաձայնությամբ ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակներում համաձայնություն է ձեռք բերվել մնացյալ հարցերը լուծել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման միջոցով: Մենք մինչ այժմ զբաղվում ենք դրանով:
Ռուսաստանը` ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Բաքվի և Երևանի լիակատար համաձայնությամբ աշխատում է մեր առաջ դրված խնդիրները կարգավորելու ուղղությամբ: Որպեսզի դա տեղի ունենա, կոնսենսուս է անհրաժեշտ հակամարտության կողմերի միջև, և երբ մենք առաջ գնանք այդ ուղղությամբ, կարգավորումը սարերի ետևում չի լինի», - ասել է Լավրովը՝ պատասանելով լրագրողի՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի 4 բանաձևի իրագործման ընթացքի մասին հարցին: