Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի նախագծի փաթեթ կներկայացվի խորհրդարան. Է. Մարուքյան
Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը, մենք էլ չենք ստորագրելու կուսակցությունից հեռանալու մասին դիմումը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ կուսակցության դիրքորոշումը համընկնում է վարչապետի դիրքորոշման հետ, որ Թանդիլյանը շարունակի պաշտոնավարել։ Նա համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե Մանե Թանդիլյանի՝ նախարարի պաշտոնում մնալը հասարակության կողմից քննադատության ալիք բարձրացնելու տեղիք է տվել:
«Հակառակը՝ կա պահանջարկ, որ նա մնար ու շարունակեր պաշտոնավարել, ինչը եղել է նաև կուսակցության դիրքորոշումը»,-ասաց նա:
Պատգամավորին կարծիքով՝ Մանե Թանդիլյանի հայտարարությունները՝ թե՛ հրաժարականի հետ կապված, թե՛ հիմա, սկզբունքային են, ավելին՝ կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ իրենց հայտարարությունները շարունակում են մնալ ուժի մեջ։
«Համակարգի բարեփոխումների էջը փակված չէ։ Մենք շարունակելու ենք դրա շուրջ քննարկումները։ Օրենքի նախագծի փաթեթ կներկայացվի խորհրդարան։ Ամեն բան անելու ենք, որ համակարգը քաղաքացիների պահանջներին բավարարի։ Գիտենք, որ շատ մարդիկ շարունակում են դեմ մնալ համակարգին, բայց այս պահին ցայտնոտի մեջ ընկել, որ օրենքը ուժի մեջ է մտնում, պետք չէ։ Միակ լուծումը սա էր, բայց մենք շարունակում ենք աշխատել»,- շարունակեց պատգամավորը:
Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունը, եթե ՀՀԿ-ական պատգամավորներն իրենց ելույթներում թիրախավորում էին, որ չի կարելի օրենք ընդունել, գումարներ գանձել, մեկ տարի հետո փոխել, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչ են նկատի ունեցել, բայց իրենք ասել են հետևյալը, որ իրենք շարունակում են պաշտպանել այն կուտակային համակարգը, որը ներդրված է: Եթե կա գործող օրենք, որը կպարզվի, որ հակասահմանադրական է, ապա ուզում է 1, թե 2 տարի գործի, միևնույն է՝ պետք է դրույթը փոխվի»:
Ըստ Մարուքյանի՝ իրենք խոսում են համակարգն ավելի գրավիչ դարձնելու մասին, այսինքն՝ մտածել մի բան, որ համակարգը գործի, բայց պարտադիր չի լինի:
«Այնպես պետք է անենք, որ համակարգը լինի գրավիչ, այսինքն՝ մարդիկ գնան ու կամավոր միանան համակարգին՝ մտածելով իրենց ապագայի մասին: Տարբեր կարծիքներ կան, տիկին Թանդիլյանն էլ փորձ է անում այնպիսի նախաձեռնությամբ հանդես գալ, որ համակարգը դառնա գրավիչ»,- հավելեց պատգամավորը:
Ինչ վերաբերում հարցին, որ վարչապետն ու ֆինանսների նախարարը հայտարարեցին, որ պարտադիր բաղադրիչն անխուսափելի է, Էդմոն Մարուքյանն ասաց, թե այս պահին անդառնալիության կետն անցել է, դրա համար օրենքը բարելավվեց ու ընդունվեց՝ հետագայում հավելյալ փոխելու ակնկալիքով: