ԱԺ-ում քննարկվում է «ՀՀ հարկային օրենսգրքի» փոփոխված նախագիծը, ըստ որի՝ բանկերը կներեն անհուսալի ճանաչված վարկերի տույժերն ու տուգանքները
ԱԺ-ում քննարկման է ներկայացվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ պատգամավորներից ստացել են թվով 7 առաջարկություններ:
Առաջինը վերաբերում էր այն հնարավորությանը, որ ֆիզիկական անձանց վաճառվող ապրանքները կարող են ուղեկցվել հսկիչ դրամարկղային կտրոններով: «Առաջարկն ընդունելի է, և կատարվել է փոփոխություն»,-ասաց փոխնախարարը:
Մեկ այլ առաջարկ էր արտահերթ ստուգումներ իրականացնելու հնարավորություն տալը: Ըստ նախարարի՝ սահմանվել է, որ բացառապես ՀՀ վարչապետի գրավոր հանձնարարականով կլինեն արտահերթ ստուգումներ: Այլ առաջարկներ ևս ընդգրկվել են ստուգումների կարգի վերաբերյալ:
Նշենք, որ նախագծով առաջարկվում է նաև առևտրային բանկերին հնարավորություն տալ առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչև 2018 թվականի մայիսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները: Առաջարկվում է ֆիզիկական անձանց համար իրականացնել համաներում գույքի օտարման գործարքներից առաջացող ԱԱՀ-ի նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների մասով, որպեսզի օրենքի ընդունումից սկսած 90 օրվա ընթացքում վճարվի հարկի մայր գումարը: