Պետք է այնպես անեն, որ մենք այլևս ցավ չզգանք. Ադամ Սահակյանի մայրը՝ ԱԱԾ բացահայտումների մասին
Ապրիլյան պատերազմի հերոս, սերժանտ Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Անտոնյանը, ապշած է Ազգային անվտանգության ծառայության բացահայտումներից՝ կապված ապրիլյան պատերազմի համար տրված օգնության, ԶՈւ սննդամթերքի ու հագուստի հետ:
Նա Tert.am-ի զրույցում նշեց, որ իր որդու և այդ օրերին ընկած մյուս տղաների պարզությունը, հերոսությունն այնքան վեհ է, որ ինքը նման թեմաների մեջ նույնիսկ թաթախվել չի ցանկանում: Անկախ ամենից, նա հիշեց, որ որդու ընկերներն էլ պատմել են սննդի, հագուստի սակավության մասին:
«Իմ տղայի ծառայակից ընկերներն էլ պատմել են պատմությունները, դա բոլորս գիտենք, պարզապես զարհուրելի է այնքան, որ նույնիսկ խոսքեր չեմ գտնում ասելու: Իմ տղայի նման տղաների սխրանքը շատ վեհ է, որ նման մարդկանց ու հարցեր շոշափեմ, մենք այլ բարձրության վրա ենք կանգնած: Ապշած եմ, կարծում եմ, որ այնպես պետք է լինի, որ մենք այլևս ցավ չզգանք»,-ասաց նա:
Տիկին Գայանեն պատահական չի համարում այն, որ այս խոսակցությունների թոհ ու բուհում շեշտվում էր, թե ովքեր իրական հերոսները՝ ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված տղաները: Նրա գնահատմամբ՝ պետությունը, հայ հասարակությունն այնքան պետք է կայանա, որ կարգ ու կանոն լինի բոլոր ոլորտներում, քանի որ կարծում է, որ սա միակ ոլորտը չէ, որտեղ անօրինականություն է եղել:
«Մենք պետք է չխոսենք սրա մասին, պետք է անեն ու ցույց տան, քանի որ արժանի ենք հարգանքի ու բարձունքում կանգնելու: Պետք է զգանք, որ մեր մեջքին պետություն կա, որի վրա կարող ենք հենվել, որ վաղվա օրվա համար անհանգստանալու կարիք չի լինի: Նախորդ իշխանությունն էլ ուշադիր էր, բայց նման մարդիկ էլ կան, որոնց գործողություններից պապանձվել եմ: Հիշում եմ, որ որդուս և մյուս տղաների հուղարկավորությանը պաշտոնյաներ կային, որոնք նույնպես ցավ էին զգում, լացում էին, մեր երեխեքն ազնվացրել են շատերին, նաև որոշ պաշտոնյաների»,- նշեց նա:
Գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանի տանը գտած զենք զինամթերքի ֆոնին Ադամի մայրը հիշում է, որ որդին մարտնչել է մինչև վերջին փամփուշտը. վերջում կրակելու փամփուշտ չի եղել: Անկախ իրողություններից այսօր էլ տիկին Գայանեն հպարտությամբ հիշում է որդու մասին զինակից ընկերների պատմածները: Նա պատմեց՝ որդու ջոկատում հարմոնիա ու սեր է եղել, Ադամին էլ սիրել են ու լսել են:
«Փամփուշտ չի ունեցել Ադամը, միայնակ է մնացել, ինքն էր դիրքի ավագը, և որևէ սպա չի եղել իր կողքին, փամփուշտներն են վերջացել: Ւնքը շատ խելացի մարտը է վարել, բոլորն են ապշած մնացել, թե 19 տարեկան տղան ինչպես է կարողացել այդ մարտը վարել: Այո, փառքի դափնիները մեր երեխեքը ստացան, բայց ուրիշները ստացան վայելքը: Ադամիս ընկերներից պատմում են՝ սնունդ էլ չի եղել, շոր էլ չի եղել, պատմում են, որ նաև սոված են եղել, ընկերներից մեկն էլ ասում էր, որ դա էլ խնդիր չէր, մի օր էլ սոված կմնային, միայն իմանային, որ ամեն ինչ իր տեղն է լինելու: Մեր երեխեքը նաև նույն Մանվել Գրիգորյանի ու նրա թոռների համար են կյանք տվել, նման խնդիրները պետք է վերանան բոլոր շերտերում»,-եզրափակեց Գայանե Սահակյանը: