Սեֆիլյանը, Սաֆարյանն ու գործով բոլոր ամբաստանյալներն ազատ արձակվեցին կալանքից (տեսանյութ)
14:44
Վերաքննիչ քրեական դատարանը Սեֆիլյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումները, համաձայն որի՝ վերաքննիչ բողոքները բավարարեց մասնակի։
Հրայր Թոփչյանին երկու տարի ժամկետով և անհապաղ ազատ արձակել կալանքից և խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին, Գալուստ Գրիգորյանին ազատազրկեց 2 տարի ժամկետով և ազատել կալանքից, Ներսես Պողոսյանի նկատմամբ պատիժ սահմանել երկու տարի և կալանքից ազատ արձակել,Սասունիկ Կիրակոսյանի նկատմամբ պատիժ նշանակել երկու տարի ժամկետով և կալանքից ազատ արձակել։ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ պատիժ նշանակել երկու տարի վեց ամիս ժամկետով և նրան ազատ արձակել կալանքից։
Սեֆիլյանի նկատմամբ պատիժ վերջնական պատիժ նշանակվեց 5 տարի 5ամիս ժամկետով։ Ժիրայր Սեֆիլյանն ազատ արձակվեց կալանքից։
13:37
Վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվում է Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումները նախագահող դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ:
Նախորդ դատական նիստին Վերաքննիչ քրեական դատարանում՝ վերաքննիչ բողոքի քննությունից հետո մեղադրող Պետրոս Պետրոսյանը, նշելով մի շարք մեղմացնող հանգամանքներ, ասաց, որ միջնորդում է Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով, Գալուստ Գրիգորյանին 3,6-ի փոխարեն դատապարտել 3 տարի ազատազրկման, իսկ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ սահմանված պատիժը պայմանականորեն չկիրառել։
Նշենք, որ պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:
Մյուս ամբաստանյալների վերաբերյալ մեղադրողը մեղմացնող հանգամանքներ չնշեց:
Նշենք, որ նախորդ երկու դատական նիստերին պաշտպաններն ամբաստանյալների խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել:
Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար անձնական երաշխավորություն են ներկայացրել ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը,Վահե Էնֆիաջյանը, Վարդան Բոստանջյանը, Իվետա Տոնոյանը, Շաքե Իսայանը, Վարդևան Գրիգորյանը, Արթուր Մանուկյանը, Լուիզա Սարգսյանը, Սերգեյ Բագրատյանը և «Ելք»-ից՝ Ալեն Սիմոնյանը:
ԱԺ «Ելք» խմբակցությունների պատգամավորներ Ալեն Սիմոնյանն և Հայկ Կոնջորյանն անձնական երաշխավորություն էին ներկայացրել Գևորգ Սաֆարյանին կալանքից ազատելու համար, իսկ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանն ու Հրաչյա Հակոբյանը երաշխավորագիր են ներկայացրել նաև ամբաստանյալ Ներսես Պողոսյանի համար:
Նշենք, որ առաջին ատյանի դատարանի կողմից Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ազատազրկման, Գևորգ Սաֆարյանը՝ 4, միասնական պատիժը՝ 5,5 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 4,6 տարի, Ներսես Պողոսյանը՝ 3,6 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3, Գալուստ Գրիգորյանը՝ 3.5 տարի, Հովհաննես Պետրոսյանը 2 տարի ժամկետով: Հովհաննես Պետրոսյանի պատժի կրման ժամկետն ավարտվել է և նա մայիսի 31-ին ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 35-225-րդ հոդվածի 1-ին մասի, 35-225-րդ հոդվածի 1-ին մասի, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որոնցում ճանաչվեց մեղավոր:
Մեղադրական եզրակացության մեջ ասվում էր, որ Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2015 թվականի ապրիլի 24-ին Երևանում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, բացի այդ, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք` նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել:
Մյուս ամբաստանյալները՝ Սասունիկ Կիրակոսյանը, Ներսես Պողոսյանը, Հրայր Թոփչյանը, Գալուստ Գրիգորյանը և Հովհաննես Պետրոսյանը մեղավոր ճանաչվեցին ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից:
Գևորգ Սաֆարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ-ի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստությունը: