Արցախում տեղի ունեցած միջադեպը որևէ քաղաքական ենթատեքստ չունի. Դավիթ Բաբայան
Արվում է բոլոր հնարավոր քայլերը՝ պարզելու և վեր հանելու կատարվածի իսկությունը և միանշանակ այն մարդիկ, ովքեր խախտել են օրենքը պետք է համապատասխան պատասխանատվություն կրեն. Tert.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Բոլորը, անկախ իրենց զբաղեցրած պաշտոնից, սոցիալական դիրքից, հավասար են օրենքի առջև, առավել ևս այն մարմինները, որոնք կոչված են իրենց լիազորություններով պաշտպանել այդ իսկ օրենքը»,-ասաց նա:
Նշենք, որ հունիսի 1-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ԱԱԾ հատուկ ջոկատայինները ծեծի էին ենթարկել երկու քաղաքացիների: Տուժածների հարազատները բողոքի են դուրս եկել, փողոցներ են փակել՝ պահանջելով արդարադատություն:
Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ տեղի ունեցած միջադեպը որևէ քաղաքական ենթատեքստ չունի: «Անկախ ամեն ինչից բոլորը հավասար են օրենքի առաջ և բոլորի համար գերիշխող է օրենքը և սա մի հրամայական է, որը գործում է ամեն օր, բոլոր ժամանակներում, հատկապես` քաղաքակիրթ և նորմալ երկրներում: Եվ ուրեմն պետք է ամեն ինչ շատ մանրակրկիտ ձևով վերլուծվի, պարզվի թե ինչ է տեղի ունեցել և համապատասխան քայլեր կատարվի օրենքի շրջանակներում, այլ տարբերակ պարզապես չկա»,-ասաց նա:
Դավիթ Բաբայանը նկատեց, որ ցանկացած ժամանակահատվածում, իհարկե, կան ուժեր, որոնք ուզում են քաղաքականացնել: «Բայց մենք դրան չպետք է նայենք. ի վերջո պետությունը նրա համար չէ և օրենքը չի գործում նրա համար, որ ինչ-որ սադրիչների թույլ տան կամ թույլ չտան քաղաքականացնել այս կամ այն երևույթը: Պետք է ամեն ինչ լինի իրավական շրջանակներում: Եթե օրենքը գերակշռում է, և օրենքը հաղթում է, նույն այդ սադրիչների մանիպուլյացիաների դաշտը կրճատվում և չեզոքանում է: Բնական է, անկախ նրանից կան այդպիսի մարդիկ, չկան, նրանց բուն նպատակը ինչ է, անկախ ամեն ինչից օրենքը պետք է միշտ հաղթի և բոլորը օրենքի առջև հավասար են և անվերապահորեն պետք է հետևեն օրենքի տառին և ոգուն»,-ասաց նա:
Արցախի ոստիկանությունն ավելի վաղ միջադեպի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ հունիսի 1-ին ժամը 19։25-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել: Բերման են ենթարկվել 15 անձ, դեպքի առնչությամբ քննություն է տարվում։