Ինչպես է Պուտինը ցանկանում բարձրացնել Ռուսաստանի կարգավիճակը՝ հասցնելով մեծ գերտերության. Tagesspiegel
Իրանի նկատմամբ քաղաքականությունը սեպ է խրել եվրոպացիների և ամերիկացիների միջև: Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդտեղ նոր դաշինքների հնարավորություն է տեսնում, գերմանական Tagesspiegel-ում գրում է Ֆրանկ Գերոլդը:
«Այս արտահայտությունն արդեն ծեծված է դարձել՝ «առանց Ռուսաստանի՝ համաշխարհային ճգնաժամերը կարգավորել չի հաջողվի»: Սակայն, կարծես, դա մինչ այժմ հնարավոր չի եղել անել նաև Ռուսաստանի մասնակցությամբ: Այսօր աշխարհում ստեղծված իրադրությունն ավելի ու ավելի է հիշեցնում սառը պատերազմի դարաշրջանը: Տնտեսական պատժամիջոցները պետք է ստիպեին նախագահ Պուտինին փոխզիջումների գնալ, սակայն նա շարունակում է կոշտ արտաքին քաղաքականություն վարել: Կրեմլի ղեկավարը դարձել է համաշխարհային կարևորագույն դերակատարներից մեկը՝ մեծ մասամբ լուրջ ռիսկերի գնալու, ռազմական մեքենան գործի դնելու և առանց փոխզիջման իր ասածի վրա պնդելու պատրաստակամության շնորհիվ»,- գրում է հեղինակը:
Սակայն իրավիճակը փոխվեց, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ Իրանի հետ միջուկային համաձայնագրից: Քանի որ Ռուսաստանը, ինչպես և եվրոպացիները, ցանկանում է պահպանել համաձայնագիրը, անսպասելիորեն հնարավոր դարձավ մերձեցումը, գրում է հեղինակը:
Այնպիսի տպավորություն է, կարծես Պուտինը վերջին շրջանում իր քաղաքականությունը փոխելու փոքր ազդանշաններ է ուղարկում: Այնուամենայնիվ, դրանով տարվել պետք չէ, նա մտածված կերպով ազդանշաններ ուղարկելով ուսումնասիրում է արձագանքը:
«Պուտինի քաղաքականությունն ուղղված է Ռուսաստանին գերտերության կարգավիճակը վերադարձնելուն: Եվ այստեղ կարելի է երկու առաջնահերթ ուղղություն նշել՝ առաջին հերթին, Մոսկվան ցանկանում է հաղթահարել ԱՄՆ-ի հավակնությունները միակ համաշխարհային դերակատարը լինելու վերաբերյալ և բազմաբևեռ աշխարհակարգ հաստատել: Պուտինին կգոհացներ նաև երկբևեռ աշխարհակարգը, որի դեպքում գերակա դիրք կունենան ԱՄՆ-ն և Ռուսաստանը: Սակայն հայտնված հույսն առ այն, որ Թրամփի հետ կհաջողվի նման պայմանավորվածություններ ձեռք բերել, այսօրվա դրությամբ ամբողջությամբ ի չիք են դարձել»,- գրում է Ֆրանկ Գերոլդը:
Երկրորդ հերթին, ՌԴ նախագահը չի հավատում, որ լիբերալ աշխարհակարգը, որի մասին հայտարարում են, օրինակ, Գերմանիան կամ Ֆրանսիան, կարող է աշխատել:
Հեղինակը նշում է, որ երկրի արդիականացումը և տնտեսական ու սոցիալական բարեփոխումների անխուսափելիությունը, որոնց մասին Պուտինը հայտարարել է չորրորդ մանդատի սկզբում, անհնար են մշտական առճակատման պայմաններում: Ռուսաստանին իր խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է վերադառնալ Արևմուտքի հետ համագործակցության, իսկ դրա համար, նա ստիպված կլինի ոչ միայն ազդանշաններ ուղարկել, այլև իսկապես նոր քաղաքականություն որդեգրել, եզրափակում է Ֆրանկ Գերոլդը: