Թավշյա հեղափոխությունը պետք է ներառի հեռարձակման ոլորտը. քննարկում
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ այսօր քննարկում տեղի ունեցավ, որին մասնակցում էին Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը:
Աշոտ Մելիքյանը նշեց, որ իրենց առաջարկությունները մինչ այս անտեսված են եղել: «Համոզված եմ, որ թավշյա հեղափոխությունը պետք է ներառի հեռարձակման ոլորտն առհասարակ, քանի որ այնտեղ տիրող բարքերը, հարաբերությունները արմատապես վերանայելու անհրաժեշտություն ունեն և համոզված եմ, որ այդ ամենը պետք է սկսել ամբողջովին նոր օրենք ընդունելով»,-ասաց նա և նշեց, որ վերջերս ընդունված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը չի քննարկվել շահագրգիռ մարմինների հետ և իրենց համար դա անակնկալ էր:
Աշոտ Մելիքյանը հայտարարեց, որ իրենք հեռուստատեսային և ռադիոյի հանձնաժողովի հետ չեն ունեցել գործընկերային հարաբերություններ չեն ունեցել և համարել են, որ հանձնաժողովը չի իրականացնում իր գործառույթները: Ըստ նրա՝ իշխող համակարգին համարեցված օրենք է ընդունվել, սպասարկել են որոշ խմբերին: «ՀՌԱՀ-ը, թեև օրենքով անկախ մարմին է, բայց իրականում շատ մեծ քաղաքական ազդեցության տակ գտնվող մարմին է»,-ասաց նա: Նա նկատեց, որ այս հեղափոխության շրջանում երևացին հայաստանյան հեռուստաընկերությունների բոլոր արատները, քաղաքական ոչ ազատ լինելը:
Բորիս Նավասարդյանը կարևորեց փոփոխությունների մեթոդաբանությունը: «Գործադիր իշխանության շրջանակներում չկա մի մարմին, որը զբաղվում է անմիջապես լրատվամիջոցներով»,-ասաց նա և նշեց, որ դա դժվարացնում է արագ բարեփոխումներ իրականացումը:
«Ես գտնում եմ, որ պետք է խորհրդարանական մեծամասնությանը հնարավորություն տալ, իրենց գոյությունը օրենսդիր մարմնում արդարացնելու և որպես քաղաքական գործիչներ դրսևորվելու: Կարծում եմ, որ այսօր խորհրդարանական մեծամասնությունը այլևս կարիք չունի իշխանություններին պաշտպանել լրատվամիջոցներից»,-ասաց նա և առաջին քայլը համարեց` լուծել մարզային հեռարձակողների հարցը, որոնք չունեն թվային հեռարձակման լիցենզիա:
Նա կարևորեց նաև ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որպեսզի հավասար հնարավորություններ տրամադրող հեռարձակման ոլորտ ունենանք: «Մենք չենք քանդում ինստիտուտները, մենք այդ ինստիտուտները բարեփոխում ենք»,-ասաց նա:
Արմեն Մկրտչյանը նշեց, որ բոլոր բարձրացված հարցերը մտահոգիչ են և օրենքի փոփոխությունները շատ արդիական համարեց: Ինչ վերաբերում է նախորդ փոփոխություններին, ապա նա համաձայնեց, որ գուցե ժամանակի սղության պատճառով Արդարադատության նախարարը պարզապես փորձ է արել այն համապատասխանեցնել Սահմանադրությանը: «Մեր առումով էլ որոշ լիազորություններ, որ տրվել են, իմ սրտով էլ չեն»,-ասաց նա և հույս հայտնեց, որ օրենքի նախագծի մաշկողները կաշխատեն նաև իրենց հետ:
Նա նկատեց, որ համայնքային հեռուստաընկերությունները զրկված են թվային հեռարձակումից և կոչ արեց, անպայման, հաշվի առնել բոլոր մարզերի հնարավորությունները և հանձնաժողովի դերը այն համարեց նաև, որ կարողանա ապահովել բոլոր հնարավորությունները: