Վարկերի սառեցման մասին չի խոսվել, կառավարության հետ գործընթացներ են գնում տույժերի ու տուգանքների հնարավոր վերացման ուղղությամբ. Ա. Ջավադյան
Վարկերի սառեցման մասին երբևիցե չի խոսվել, կառավարության հետ գործընթացներ են գնում տույժերի ու տուգանքների հնարավոր վերացման համար:
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։
«Որոշակի օրենսդրական փոփոխություններ պետք է իրականացվեն, որի հանձնարարականներն արդեն իսկ վարչապետը տվել է համապատասխան մարմիններին: Շատ արագ դրա անդրադարձը կտեսնեք», - ասաց նա։
Ջավադյանը նշեց, որ տոկոսադրույքների իջեցման մասին վարչապետը չի խոսել. «Նա խոսել է բյուջետային տարբեր մեխանիզմներով գյուղատնտեսական վարկավորման աջակցելու մասին և ասել, որ ստեղծենք նոր իրավիճակ, ավելի շատ հարկեր հավաքենք, և դրա հաշվին գյուղացիների բեռը թեթևացնենք»:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացնելիս Կենտրոնական բանկի նախագահն ասել էր, որ մոնիտորինգ են իրականացրել բանկերում և գրանցել են, որ ապրիլյան իրադարձությունների ժամանակ մարդիկ ժամկետից շուտ խզել են ավանդները, այնուհետև նորից ավանդ դրել։
«Գումարի արտահոսք չի եղել, բայց բավականին մեծ գումարներ մարդիկ հանել են, տարել պահել են «դոշակի» տակ, հետո նորից բերել, դրել են բանկում», - ասել է նա՝ հավելելով, որ խզելով երկարաժամկետ ավանդը՝ մարդիկ տոկոսագումարներ են կորցրել։
Ջավադյանը նաև տեղեկացրել էր, որ 2017 թվականին 2016-ի համեմատությամբ, Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտները 14.6%-ով աճել են։ Տրանսֆերտները նույնքան աճել են նաև այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում (նախորդ տարվա առաջին չորս ամիսների համեմատ):
«Ռուսաստանում խորը ճգնաժամից հետո իրավիճակը գնալով ավելի շտկվեց, ինչն էլ ազդեցություն ունեցավ տրանսֆերտների աճի վրա։ Իհարկե, եթե Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները չլինեին, միգուցե մենք ունենայինք շատ ավելի բարձր թվեր», - ասել էր նա։