Կուրսանտի սպանության մեջ ինձ մեղավոր չեմ ճանաչում, ռազմական համալսարան գնում են հայրենիքի պաշտպան դառնալու, ոչ թե քրեական հեղինակություն. ամբաստանյալ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատաքննությունը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ։ Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ցուցմունք տվեց ամբաստանյալ Գնել Թևոսյանը, ում հայրը՝ Զարմիկ Մարկոսյանը, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատարի նախկին տեղակալն էր։
Գնել Թևոսյանն ասաց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում. «Դեպքի հետ կապված ես ինձ մեղավոր չեմ ճանաչում։ Դեպքին նախորդող գիշերը` 23։30-ին, եկել եմ ու քնել, արթնացել եմ առավոտյան, դեպքի մասին իմացել եմ կապիտան Ավետիսյանից։ Օրապահին հարցեր է տվել, լսել ենք, ժամը 2։30-ին տեղափոխվել եմ Ռազմական ոստիկանություն։ Այնտեղ ճնշումներ են գործադրել, ամեն ինչ արել են, որ ինձ մեղավոր ճանաչեմ, չի հաջողվել։ Դրանից հետո ձերբակալվել եմ»։
Դատախազի հարցին, թե ի՞նչ հարաբերություններ են եղել Հայկազ Բարսեղյանի և Կարեն Բաղմանյանի միջև, ամբաստանյանը չպատասխանեց՝ օգտվելով իր իրավունքից։
Հարցին, թե դատաքիմիական փորձաքննության արդյունքների մասին ի՞նչ կասի, որ ալկոհոլ է օգտագործած եղել, Գնել Թևոսյանն ասաց, որ դա սխալ եզրակացություն է, որովհետև ինքն ընդհանրապես ալկոհոլ չի օգտագործում. «Ազատ արձակման ժամանակ էլ չեմ օգտագործել»։
Հարցին, թե վերջին անգամ ե՞րբ է տեսել Հայկազ Բարսեղյանին, Գնել Թևոսյանն ասաց, որ վերջին անգամ տեսել է հունվարի 28-ին։
Հարցին, թե Ռազմական ոստիկանությունում ի՞նչ ճնշումներ են գործադրվել, ինչի՞ մասին է խոսքը, Թևոսյանն ասաց՝ բռնություն, հայհոյանք և այլն, ինչի մասին նախաքննության ընթացքում հայտնել է, սակայն գործը կարճվել է։
Դատախազի հարցին, թե ընդունո՞ւմ է, որ Հայկազ Բարսեղյանը կախվել է մահացած վիճակում, նա բացասական պատասխան տվեց։
Հարցին, թե վկաների ցուցմունքները լսել է, ինչո՞ւ նրանց հարցեր չի ուղղել, երբ իր դեմ ցուցմունք է տվել, Գնել Թևոսյանն ասաց, որ քանի որ վկաների ցուցմունքներն ուղղորդված են, իմաստ չի տեսել։
«Ասեմ ինչու։ Հունվարի 29-ին, ՌՈ-ում, երբ փաստաբան էի պահանջում ու չունեի, քննիչն ասաց՝ քո դեմ են խոսում,ասացի՝ Սամվել Սերոբյանին (առանցքային վկա, ով ՀՀ-ում չի գտնվում ու դատարանում չի հարցաքննվել, խմբ.) կանչեք, թող ասի, որ ես կապ ունեմ։ Սամվել Սերոբյանն եկավ, ասաց, որ որևէ կապ ես չունեմ, մեկ էլ երկու օրից ինձ ասում են՝ քո դեմ ցուցմունք է տվել մի քանի էջ, իսկ ինձ հետ տեսածը, խոսածը, բնականաբար քննիչը չի արձանագրել։ Իմ ասածը խորիմաստ էր, պարոն դատախազ, Դուք հասկացաք»,-ասաց Թևոսյանը։
Դատախազ Հարությունյանի հարցին, թե վկաները նշել են, որ ինքն արտոնյալ է եղել, այդպե՞ս է եղել, Գնել Թևոսյանն ասաց, որ ինքը զինվորականի ընտանիքում է մեծացել ու եղել է օրինապահ ծառայող. «Ես այնտեղ գնացել եմ սովորելու, եսիմ ինչ տեղ չի, որ գնաս ու քեզ ցույց տաս։ Այդտեղ գնում ես հայրենիքի պաշտպան դառնալու, ոչ թե քրեական հեղինակություն»։
Նա հավելեց, որ ցուցմունքներից որևէ մեկը չի համարում որ եղել է վկաների տեսածով, կարծիքով կամ լսածով։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի հարցին, թե ինչպես կբնութագրի Հայկազ Բարսեղյանին, ի՞նչ հարաբերություններ է ունեցել նրա հետ, Թևոսյանն ասաց, որ նորմալ է բնութագրում, նորմալ հարաբերություններ է ունեցել։
Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի մեղադրական եզրակացության՝ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձնակի դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Բարսեղյանին:
Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո, Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով, խախտելով ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդվածը, ծեծի է ենթարկել Մանասերյանին, բացի այդ, 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայակից Արտուշ Սիմոնյանին: