ԱՄՆ-ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել նաև Պարագվայը
Պարագվայը դարձել է երրորդ երկիրը, որն Իսրայելում իր դեսպանատունը տեղափոխել է Երուսաղեմ՝ չնայած քաղաքի չկարգավորված կարգավիճակին, գրում է ria.ru-ն։ Լատինամերիկյան պետությունը հետևել է ԱՄՆ-ի և Գվատեմալայի օրինակին։
Դեսպանատան բացման արարողությանը մասնակցել են Պարագվայի նախագահ Օրասիո Կորտեսը և Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն։
Մնացած պետությունները դեռ իրենց դեսպանատները թողնում են Թել Ավիվում ու դրա ծայրամասերում՝ քաղաքի չկարգավորված կարգավիճակի պատճառով, որի արևելյան շրջաններին ու պատմական կենտրոնին հավակնում են պաղեստինցիները։
Օրեր առաջ հաղորդվել էր, որ Գվատեմալան, հետևելով ԱՄՆ-ի օրինակին, իր դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել է Երուսաղեմ: Նշվում է, որ Գվատեմալան դեսպանատուն է բացել Երուսաղեմում դեռ 1959 թվականին, սակայն շուտով ստիպված է եղել փակել այն՝ միջազգային ճնշման պատճառով: Այդ ժամանակից ի վեր դեսպանատունը գործել էր Թել Ավիվում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն պաշտոնապես բացել է Երուսաղեմում իր դեսպանատունը՝ կատարելով երկրի նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը, որն ավելի վաղ քաղաքը ճանաչել էր Իսրայելի մայրաքաղաք: Դա լուրջ բախումների մեկնարկի պատճառ է դարձել Գազայի գոտում։ Պաղեստինցի ցուցարարների և իսրայելցի ուժայինների բախումների հետևանքով 62 մարդ է զոհվել։