Սիրիայում իրանական ներկայությունը կպահպանվի այնքան, որքան պաշտոնական Դամասկոսը դա ցանկանա. Բահրամ Ղասեմի
Սիրիայում իրանական ներկայությունը կպահպանվի այնքան, որքան պաշտոնական Դամասկոսը դա ցանկանա: Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին, հայտնում է «Թասնիմ» գործակալությունը։
«Ոչ ոք չի կարող ստիպել Իրանին դա անել: Քանի դեռ կա ահաբեկչություն և քանի դեռ Սիրիայի կառավարությունը դա ցանկանում է, Իրանը կպահպանի իր ներկայությունը: Երկիրը պետք է լքեն նրանք, ովքեր առանց Սիրիայի իշխանությունների թույլտվության մտել են այնտեղ»,- ասել է Ղասեմին:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ մայիսի 17-ին կայացած հանդիպմանը հայտարարել էր, որ ահաբեկչության դեմ պայքարում սիրիական բանակի գրանցած հաջողության և քաղաքական գործընթացի մեկնարկի առնչությամբ օտարերկրյա զինված ուժերը պետք է դուրս բերվեն Սիրիայից: