Պետք է վերանայվի գյուղատնտեսական կոոպերատիվների նկատմամբ մոտեցումը. Արտակ Մանուկյան
Մրցակցային միջավայր ստեղծելու համար ինստիտուտների արդյունավետության և թափանցիկության անհրաժեշտություն կա, որպեսզի ոլորտում ապահովվի նաև հանրային վերահսկողություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Արտակ Մանուկյանը:
«Գնումների համակարգը եղել է անարդյունավետ: Երբ քաղաքական կամք լինի նկատելու անարդյունավետությունը, վերլուծություն կկատարվի, կհաշվարկվի իրական գինը և կբացվի, կազատականանա դաշտը: Հիմա ավտոքարշակի արժեքը ֆիքսված 10,000 դրամ է, բայց հնարավոր է՝ 7500 կամ 11,000 դրամ է: Ինչպե՞ս է հաշվարկվել: Այս հարցերը պետք է պարզվեն: Մինչև չպարզեցվի՝ արդյոք եղել են «ատկատներ», հովանավորչություն, հակառակ դեպքում խնդիրը չի կարգավորվի, ինչքան էլ ուզում ես ասես, որ ներմուծումն ազատականացվում է»,- ասաց Արտակ Մանուկյանը:
Գյուղատնտեսության ոլորտի մասին խոսելով՝ տնտեսագետն ասաց, որ պետք է վերանայվի կոոպերատիվների նկատմամբ մոտեցումը:
«Մարդը ժամանակ չունի՝ դնի, այդքան փաստաթուղթ կարդա, թարգմանի, ամեն ինչ ինքնահոս պետք է լինի, շուկան իրեն պետք է գտնի: Ինովացիոն գյուղատնտեսությանն անցում կատարելու ժամանակն է: Բիզնես մտածելակերպը գյուղատնտեսության ոլորտում քիչ է, լուրջ աջակցություն է պետք, սա տնտեսական անվտանգության խնդիր է: Սուբսիդիաները և այլն բավարար չեն, այլ մոտեցում է պետք»,- ասաց նա:
Տնտեսագետը շեշտեց՝ պետության հիմքում չպետք է լինի կոմերցիան, պետք է լինի սոցիալական խնդիրների լուծումը:
Ինչ վերաբերում է ներգաղթին, ապա Մանուկյանն այսպես արձագանքեց. «Ներգաղթի գրավչությունն էլ պետք է բարձրացնել: Մարդիկ կան, ովքեր անչափահաս են եղել այդ տարիներին, երբ գնացել են: Ժամանակն է, որ տնտեսական գրավչությունն այս առումով վերանայվի»: