Մաշտոց ֊ Թումանյան խաչմերուկում զանգվածային անկարգությունների առթիվ երեք հոգու մեղադրանք է առաջադրվել
Հաղորդագրության համաձայն, 2018թ. ապրիլի 17-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի հատման խաչմերուկում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, որի ժամանակ ոչնչացվել և վնասվել է տարածքում առկա հանրային գույքը՝ վտանգելով հասարակական անվտանգությունը։ Քննությամբ պարզվել է զանգվածային անկարգության մասնակիցներից երեքի ինքնությունը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։
Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Զ.Բաղդատյանին, Ռ.Մուրադյանին և Վ.Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է, ՀՀ Քննչական կոմիտեն հորդորում է այն քաղաքացիներին, ովքեր տեղեկություններ ունեն ապրիլի 17֊ի զանգվածային անկարգություններին մասնակցած այլ անձանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀԿԳ քննության գլխավոր վարչություն կամ ոստիկանության մոտակա բաժին: