Ֆրանսիան ալժիրցի կնոջը քաղաքացիություն չի շնորհել՝ տղամարդու ձեռքը չսեղմելու պատճառով
Ֆրանսիայի իշխանությունները հրաժարվել են քաղաքացիություն տալ ծագումով ալժիրցի մուսուլման կնոջը, որը հրաժարվել է ողջույնի ժամանակ սեղմել տղամարդու ձեռքը, գրում է Al Arabiya-ն:
Հայտնի է, որ նիքաբ կրող կինը, որը 2010թ. ամուսնացել է ֆրանսիացու հետ, իրեն քաղաքացիության շնորհման հանդիսավոր արարողության ժամանակ հրաժարվել է սեղմել արական սեռի ներկայացուցիչներից մեկի ձեռքը:
Դրանից հետո Ֆրանսիայի բարձրագույն վարչական դատարանը վճռել է, որ ալժիրցուն չպետք է քաղաքացիություն շնորհվի:
Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի հարավ-արևելքում: Կինը պնդել է, որ իր կրոնական համոզմունքները թույլ չեն տալիս դիպչել անծանոթ տղամարդու ձեռքին:
Իշխանություններն, իրենց հերթին, նշել են, որ նրա պահվածքը վկայում է այն մասին, որ կինը չի ինտեգրվել ֆրանսիական հասարակությանը: