Մելանյա Թրամփի զգեստապահարանը. հոգեբանը պատմել է՝ ինչ «մեսիջներ» են պարունակում ԱՄՆ առաջին տիկնոջ հագուստները (լուսանկարներ)
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, անվիճելիորեն համարվում է Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենագեղեցիկ ու նրբաճաշակ առաջին տիկիններից մեկը, որի ոճի անթերի զգացումին կարելի է միայն նախանձել:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, հագնվելու ոճը, թերևս, միակ բանն է, որի դեպքում Մելանյա Թրամփի նույնիսկ ամենամոլի քննադատներն են ստիպված լռել:
Հոգեբան ու համատեղությամբ նաև նորաձևության ոլորտի մասնագետ Դոուն Քարենը, վերլուծելով ԱՄՆ առաջին տիկնոջ զգեստապահարանը, պատմել է, թե 47-ամյա նախկին մոդելն ինչ «մեսիջներ» է հղում իր հագուստի միջոցով:
«Նա ինքնամփոփ ու փակ անձնավորություն է, ու երբ վերլուծում եմ նրա ոճը, հասկանում եմ, որ նա խոսում է հագուստի միջոցով»,-ասել է մասնագետը:
Ուսերին գցած վերարկուն
«Մելանյային հաճախ կարելի է տեսնել՝ ուսերին վերարկու գցած: Դա խոսում է այն մասին, որ տիկինն էությամբ փակ մարդ է ու հագուստի միջոցով կարծես «պատնեշ» է ստեղծում իր ու մարդկանց միջև: Այդ «պատնեշը» նրան անխոցելիության զգացողություն է տալիս»,- պատմել է Քարենը:
Բարձրակրունկներ
Մելանյա Թրամփը հայտնի է էլեգանտ բարձրակրունկների նկատմամբ մեծ սիրով: Մի առիթով նրան նույնիսկ քննադատել էին ավերիչ փոթորկից տուժած Տեխաս նահանգ բարձրակրունկներով այցելելու համար: Այնուհանդերձ՝ տհաճ դրվագը չի ստիպել տիկին Թրամփին փոխել վերաբերմունքը բարձրակրունկների նկատմամբ: Մասնագետի կարծիքով՝ այդ կոշիկները նրան նախևառաջ ինքնավստահություն են տալիս:
«Երբ կինը բարձրակրունկ է կրում, նրա ինքնավստահությունն ավելանում է: Նա իրեն մյուսների նկատմամբ գերակա է զգում»,-նշել է Քարենը:
Ճերմակաթույր կոստյում կամ զգեստ
«Կարծում եմ, որ Մելանյան ճերմակ հագուստի միջոցով ցանկանում է ցույց տալ իր կերպարի մաքրությունը: Նրա հեղինակությունը բավական վիճահարույց է, քանի որ նախկինում Մելանյան առաջին տիկնոջը ոչ վայել գործունեություն է ծավալել: Իսկ հիմա ճերմակ կրելով՝ ցանկանում է ցույց տալ իր կերպարի մաքրությունը»,- նշել է Քարենը:
Թևերի մեծ մասը ծածկող հագուստ
Մասնագետը նաև նկատում է, որ առաջին տիկինը մեծավմասամբ նախընտրում է թևերը ծածկող հագուստ, ինչը ևս նրա՝ ինտրավերտ լինելու նշան է: Այդպիսով՝ նա մարդկանց ասում է՝ «Նայեք ինձ, հիացեք, բայց մի մոտեցեք»:
«Բարբի» տիկնիկի ոճը
«Մելանյա Թրամփն էլեգանտ ոճի սիրահար է, սակայն միևնույն ժամանակ նա շատ է սիրում վառ գույներ, միշտ ներկայանում է տոնական դիմահարդարմամբ ու էլեգանտ վարսահարդարմամբ, ինչը հիշեցնում է «Բարբի» տիկնիկի ոճը: Տիկնիկային ոճը պայմանավորված է նրա մոդելային անցյալով: Նա մինչև հիմա հիշում է մոդելային ոլորտի այն կանոնը, որ անկախ ամեն ինչից՝ տեսքդ միշտ պետք է անթերի լինի»,-նշել է Քարենը:
Մեծ ակնոցներ
Մելանյա Թրամփը հաճախ՝ նույնիսկ գիշերը, նախընտրում է դեմքը թաքցնել մեծ ակնոցների հետևում: Նրան մի քանի անգամ քննադատել են մարդկանց հետ հանդիպման ժամանակ ակնոցը չհանելու ու, այդպիսով, անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար: Սակայն Քարենի կարծիքով՝ առաջին տիկինն ակնոցն օգտագործում է որպես «վահան»՝ անծանոթների հետ ուղղակի շփումից խուսափելու համար:
«Նա կարծես ասում է՝ «Ես իսկապես չեմ ուզում, որ նայեք ինձ, աչքերիս մեջ: Իրականում ես շատ նյարդայնանում եմ դրանից»»,-նկատել է Քարենը:
Կազմվածքն ընդգծող կիպ հագուստ
Մելանյա Թրամփը հիմնականում կրում է բարեկազմությունն ընդգծող կիպ հագուստ, որը շատ շահեկան ընտրություն է: Այն համեստ է, բայց միևնույն ժամանակ թույլ է տալիս ցույց տալ գեղեցիկ կուրծքն ու բարակ իրանը:
Հետաքրքրական է, որ նախքան Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ դառնալը, Մելանյան չէր կաշկանդվում համարձակ հագուստներ կրելուց: