Թուրքիայի ԱԳՆ-ն անընդունելի է որակել ԱՄՆ-ի բացասական հայտարարությունները վաղաժամ ընտրությունների մասին
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ-ի կողմից Թուրքիայում վաղաժամ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ հայտնած մտահոգություններին, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նոյերթը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մտահոգ է Թուրքիայում արտահերթ ընտրությունների կազմակերպման որոշման առնչությամբ:
Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ից հնչած նման հայտարարություններն անընդունելի է անվանել և քննադատության ենթարկել այն:
«Արտակարգ դրությունն ուղղված է միայն մեր երկրի միասնության ու ինքնիշխանության դեմ գործունեություն ծավալող ահաբեկիչներին: Մեր երկրում չեն խախտվում ոչ ոքի հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ բացի ահաբեկիչներից»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակ Համի Աքսոյը:
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին:
Նախօրեին երկրի խորհրդարանը հաստատել է հունիսի 24-ին վաղաժամ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ առաջարկը: