ՕԵԿ-ը կոչ է անում հրապարակայնորեն քննարկել բողոքի ակցիաների բոլոր կողմերի առաջարկները և գտնել հանգուցալուծում` ի շահ հայրենիքի
«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.
«Նախօրեին «Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարություն էր տարածել Հայաստանում ծավալվող ներքաղաքական զարգացումների առնչությամբ` մատնանշելով իրավիճակի հանգուցալուծման համար անհրաժեշտ քաղաքական օրակարգի ձևավորումը, որը կարող է դրսևորվել համընդգրկուն հանգուցալուծման քաղաքական և քաղաքացիական պլատֆորմի ձևավորմամբ` մատնանշելով նաև որպես քաղաքական հանգուցալուծում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը:
ՕԵԿ հայտարարությունը հանրության լայն շրջանակներում և այդ թվում` համացանցում ողջունել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ՝ Հայաստանից և սփյուռքից: Հայտարարության մեջ շարադրված գաղափարը ողջունել են նաև հայտնի հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ: Ավելին, Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ի հանրահավաքում առաջ է քաշել հստակ ձևակերպված առաջարկներ, որը ըստ էության ենթադրում է քննարկումների կազմակերպման անհրաժեշտություն: Այսօր հայտարարությամբ է հանդես եկել Սերժ Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանին և քաղաքական ուժերին կոչ անելով քննարկումների միջոցով գտնել քաղաքական հանգուցալուծում: Ելնելով վերոբերյալից «Օրինաց երկիր» կուսակցությունը, ի շարունակություն երեկ իր հնչեցրած հայտարարության, հայտարարում է իր պատրաստակամությունը ինչպես նախաձեռնելու, այնպես էլ մասնակիցը լինելու քաղաքական և քաղաքացիական քննարկումների` հետագա դրամատիկ զարգացումներից խուսափելու նպատակով և կոչ է անում հրապարակայնորեն, ԶԼՄ-ների ներկայությամբ քննարկել բոլոր կողմերի առաջարկները և գտնել հանգուցալուծում` ի շահ մեր հայրենիքի և ժողովրդի»: