Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է վարչապետի պաշտոնում Ալիևի օգնական Նովրուզ Մամեդովի թեկնածությունը
Ադրբեջանի խորհրդարանն այսօրվա նիստում միաձայն հավանություն է տվել նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքական հարցերով օգնական Նովրուզ Մամեդովի թեկնածությանը վարչապետի պաշտոնում, գրում է РИА Новости գործակալությունը:
Մամեդովի թեկնածությունն առաջարկել էր Իլհամ Ալիևը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունները կայացել են ապրիլի 11-ին: Բոլոր ընտրական կետերի տվյալների մշակման արդյունքներով՝ գործող նախագահ Ալիևը հաղթանակ է տարել ընտրողների ձայների 86,02 տոկոսով: Ադրբեջանի ԿԸՀ-ն անցած կիրակի ամփոփել է ընտրությունների արդյունքները և հաստատման համար Սահմանադրական դատարան ներկայացրել ամփոփիչ արձանագրությունը:
ԵԱՀԿ դիտորդների հատուկ համակարգող Նիլզա դե Սենան հայտարարել էր, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվել են իրավունքների և ազատությունների սահմանափակման պայմաններում՝ անբավարար մրցակցությամբ:
Չնայած դրան՝ Ադրբեջանի սահմանադրական դատարանը հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքները: