Նատալի Պորտմանը բացատրել է՝ ինչու է հրաժարվել մեկնել Իսրայել ու մասնակցել Genesis մրցանակաբաշխությանը
Ծագումով հրեա ամերիկացի դերասանուհի Նատալի Պորտմանը բացատրել է՝ ինչու է հրաժարվել մեկնել Իսրայել ու մասնակցել Genesis մրցանակաբաշխության արարողությանը: Դերասանուհու խոսքով՝ պատճառն այն է, որ միջոցառման ծրագրում նախատեսված է եղել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի ելույթը:
Հիշեցնենք, որ Պորտմանն «Իսրայելում տեղի ունեցած վերջին իրադարձությունների պատճառով» հրաժարվել է մասնակցել հունիսին կայանալիք մրցանակաբաշխության արարողությանը, ինչի պատճառով այն տապալվել է: Այս կապակցությամբ հունիսի 28-ին պլանավորված միջոցառումը չեղարկվել է:
«Genesis մրցանակի հանձնման արարողությանը չմասնակցելու իմ որոշումը սխալ է մեկնաբանվել: Թույլ տվեք՝ ինքս ամեն ինչ ասեմ: Ես որոշեցի չմասնակցել, քանի որ չեմ ուզում մի մարդու տեղ ընդունվել, որն աջակցում է Բինյամին Նեթանյահուին, որը պետք է ճառով ելույթ ունենար միջոցառման ժամանակ», - գրել է նա Instagram-ում:
Պորտմանն ընդգծել է, որ ինքն Իսրայելի տնտեսական և քաղաքական բոյկոտի օգտին շարժման կողմնակիցը չէ (BDS), սակայն, չնայած դրան, «քննադատորեն է վերաբերվում Իսրայելի ղեկավարությանը»:
«Իսրայելը ստեղծվել է ուղիղ 70 տարի առաջ՝ որպես Հոլոքոստից փրկվածների համար ապաստարան: Սակայն այսօրվա վայրագություններից տառապողներին ճնշելը չի համապատասխանում իմ հրեական արժեքներին: Քանի որ ես հոգ եմ տանում Իսրայելի մասին, ես պետք է դիմակայեմ բռնությանը, կոռուպցիային, անհավասարությանն ու իշխանության չարաշահմանը», - եզրափակել է Պորտմանը:
Հայտնի է, որ Պորտմանը Genesis-ի դափնեկիր է հայտարարվել նոյեմբերին: Նա խոստացել էր ստացված մեկ միլիոն եվրո գումարը տրամադրել բարեգործությանը:
Մրցանակաբաշխության ղեկավարությունը ներողություն է խնդրել արարողության չեղարկման համար ու հայտնել, որ հարգում է Պորտմանի՝ Իսրայելի իշխանությունների քաղաքականության հետ չհամաձայնելու իրավունքը:
Մարտի վերջին հայտնի է դարձել, որ իսրայելցի զինվորները գնդակոծել են պաղեստինցիներին Գազայի հատվածում: