Ադրբեջանի նոր վարչապետ կարող է դառնալ Ալիևի օգնական Նովրուզ Մամեդովը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքական հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը կարող է ստանձնել երկրի նոր վարչապետի պաշտոնը։ Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը՝ վկայակոչելով Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Զահիդ Օրուջի հայտարարությունը:
Նրա խոսքով՝ Մամեդովի թեկնածությունը քննարկման է դրվելու այսօր՝ խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունները կայացել են ապրիլի 11-ին: Բոլոր ընտրական կետերի տվյալների մշակման արդյունքներով՝ գործող նախագահ Ալիևը հաղթանակ է տարել ընտրողների ձայների 86,02 տոկոսով: Ադրբեջանի ԿԸՀ-ն անցած կիրակի ամփոփել է ընտրությունների արդյունքները և հաստատման համար Սահմանադրական դատարան ներկայացրել ամփոփիչ արձանագրությունը:
ԵԱՀԿ դիտորդների հատուկ համակարգող Նիլզա դե Սենան հայտարարել էր, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվել են իրավունքների և ազատությունների սահմանափակման պայմաններում՝ անբավարար մրցակցությամբ:
Չնայած դրան՝ Ադրբեջանի սահմանադրական դատարանը հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքները: